Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Գորիսում միայն 1 քննիչ կա․ Սյունիքում ժամ կա, որ ընդհանրապես պարեկ չկա (տեսանյութ)

Այսօր ԱԺ-ում Պաշտպանության և անվտանգության ու ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի համատեղ նիստում անդրադարձ եղավ պարեկային ծառայության և հաճախակի դարձած ՃՏՊ-ների խնդրին։

Ըստ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի՝ մարզային ստորաբաժանումների ոստիկանության որոշ բաժիններում վերջին 10-ը տարում աշխատանքի ծանրաբեռնվածությունն ավելացել է 4-5 անգամ։

Նա նշեց, որ պատերազմից հետո Գորիսի կամ Կապանի ոստիկանների մի մասը զբաղված է հենակետերում կամ սահմանապահների հետ ծառայություն իրականացնելով, մինչդեռ ամեն վայրկյան առաջանում են արտակարգ իրավիճակներ և, ըստ այդմ, հաստիքների սակավությամբ պայմանավորված՝ ոստիկանական բաժինները գտնվում են անասելի ծանրաբեռնվածության մեջ։ Ըստ պատգամավորի՝ վերջին 10-ը տարում  4-5 անգամ աճել է նաև նյութերի նախապատրաստման ծավալը, մինչդեռ հաստիքներ չեն տրամադրվում։

«Գորիսին ընդամենը մեկ հետաքննիչ է տրված, որը չի կարելի այս պահին էդպես թողնել։ Առնվազն 30- 40 %- ով, այս նոր իրադրության պայմաններում, պետք է հաստիքների ծավալը, քանակը մեծացնել»,- նշեց Արմեն Խաչատրյանը։

Ինչ վերաբերում է ՃՏՊ- ներին, պատգամավորը նշեց, որ մարզերում դրանց հաճախակիությունը  կապված է ճանապարհապարեկային ծառայությունների վերակարգերի սակավության հետ։

«Նույն Սյունիքի մարզում քաղաքներ կան, որ օրվա որոշակի ժամերի ընդհանրապես քաղաքում պարեկներ չեն լինում, որովհետև մարդիկ այլ ծառայություն են իրականացնում՝ ուղեկցումներ, բոլորս գիտենք՝ Կապան, Տաթև հատվածը, և ուղղակի ժամանակ չի մնում, որ էդ մարդիկ ծառայություն իրականացնեն քաղաքներում»,-նշեց ՔՊ պատգամավորը և խնդրանք ուղղեց՝ միջոցներ ձեռնարկել հաստիքների քանակը հրատապ վերանայելու և տրամադրելու ուղղությամբ։

Ի պատասխան ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը համաձայնեց, որ խնդիրն առկա է և նշեց, որ Շիրակում և Լոռիում շուտով ներդրվելու է պարեկային ծառայությունը, որը  էապես կավելացնի վերահսկողությունը ճանապարհատրանսպորտային կանոնների նկատմամբ․ «Պետք է փաստել, որ տեխնիկական հագեցվածությունը ևս էական դերակատարում ունի այս հարցում, և  այսպիսի կոմպլեքս միջոցառումներով փորձում ենք մեղմել հաստիքների սակավությունը»,- նշեց Ֆիդանյանը։