Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Որքան տհաս լինես, որ ասես, դե ոչինչ մի քանի ամիս է մնացել․ Օհանյանը՝ զորքերի հետքաշման հրամանի մասին (տեսանյութ)

Այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ընթացքում  «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը անդրադարձավ իշխանության կողմից տարածքային զիջումների գնալու հարցին։

«Նիկոլ Փաշինյանն ասել էր, եթե այդ զիջումները չլինեին՝ կլիներ պատերազմ, ի՞նչ եք առաջարկում դուք, ի՞նչ պետք է անեին»։ Այս հարցին ի պատասխան ընդդիմադիր խմբակցության ղեկավարը նշեց , որ ՀՀ իշխանությունները և կառավարման ղեկին կանգնած գերագույն հրամանատարի պարտականությունները կատարողը պետք է կառավարման և ռազմական ընթացակարգերին համաձայն իրականացներ այդ ամբողջ գործունեությունը։

Սեյրան Օհանյանը շեշտեց, որ նմանատիպ գործողությունները, որ վերաբերում են Հայաստանի սահմաններին, գրավոր հրամանի հիմքով են լինում, մինչդեռ, նրա խոսքով,  չերևաց, թե ինչ օրգանի օգնությամբ է Նիկոլ Փաշինյանն այդ որոշումը ընդունել ՝ ոչ Ազգային Անվտանգության խորհրդի, ոչ Գլխավոր շտաբի, ոչ  Պաշտպանության նախարարության։   

Ըստ նրա՝  նոյեմբերի 9-ի փաստաթղթի համաձայն՝ կողմերը կանգնում  են մարտական գործողությունների ավարտի համապատասխան բնագծերում,  և չէր կարող որևիցե մեկը հրաման տալ՝ հետ քաշվելու, այն էլ՝ այն վայրերում , որոնք  հետագայում պետք է վիճաբանության առարկա դառնային մեր սահմանները ճշտելու ուղղությամբ։

«Եթե լիներ նորմալ կառավարիչ,- ասում է Սեյրան Օհանյանը,- այդ կառավարիչը նույն պատերազմի չվերսկսվելու կամ չշարունակվելու պայմանով հրահանգ կտար զորքերը կանգնեցնել այն տեղերում, որոնք որ ռազմավարական նշանակության են»։  Մինչդեռ  հակառակորդը, ինչպես նշում է ընդդիմադիր խմբակցության ղեկավարը,   GPS-ներով անցել է  և՛ դելիմիտացիայի և՛ դեմարկացիայի , միանգամից ներխուժել են ՀՀ սահմաններից ներս և արդեն իսկ սահմաններ են կահավորում իրենց համար։

Սեյրան Օհանյանը զարմացած է․ « Որքան տհաս պետք է լինես, որ  ՄԻՊ-ի այն ահազանգին, որ մեր տարածքներում ադրբեջանցիներն  իրենց համար կառուցում են ամրաշինական կառույցներ, պատասխանես՝ ոչինչ, մի քանի ամիս է մնացել, որ ինքն իր պարտականությունները կատարի»։

Սեյրան Օհանյանը գտնում է, որ պետք է հասկանային, որ այնտեղ, որտեղ որ զինվորի ոտքն է դրվում, մանավանդ թուրքի,   իրական սահմանների ճշտման ժամանակ դժվար  է լինելու ետ շպրտել նրանց այդտեղից։