Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+alashkert
A A
Սպորտ

«Ալաշկերտը» մրցունակ չի Եվրոպայում

ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիայի լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում «Ալաշկերտը» հյուրընկալեց ավստրիական ԼԱՍԿ թիմին:

Առաջին կեսում ալաշկերտցիները թեև տարածքային ու խաղային առավելություն ունեին, սակայն չկարողացավ իրացնել գոլային պահերը։ Նրանց հարվածներից հետո գնդակը երկու անգամ դիպավ դարպասաձողին:

Հանդիպման 29-րդ րոպեին մրցավարը 11-մետրանոց նշանակեց մեր թիմի դարպասին, որը վիճարկելի որոշում էր: Բարեբախտաբար, հաջողությունն այդ դրվագում մեր կողմն էր, քանի որ Մոնշայնի հարվածից հետո գնդակը դիպավ ուղղահայաց դարպասաձողին և դուրս եկավ տուգանային հրապարակից: Ավաղ, 35-րդ րոպեին ԼԱՍԿ-ն արագ հակագրոհ ձեռնարկեց և Հոնգ Հին-Սոկը հաշվենկատ հարվածով բացեց հաշիվը։

Երկրորդ խաղակեսի սկզբում կրկին ակտիվ էին մեր ֆուտբոլիստները, սակայն նրանց գրոհները արդյունք չտվեցին: 68-րդ րոպեին ավստրիացիները կրկին արագ հակագրոհ կազմակերպեցին և Թոմաս Գոիգինգերը մոտ տարածությունից կրկնապատկեց հաշիվը։

Այդ գոլից հետո խաղն անցավ հյուրերի տոտալ առավելությամբ: Դրա վերջակետը դարձավ հիմնական ժամանակին ավելացված երկրորդ րոպեին ավստրիացիների խփած երրորդ գնդակը։

Այդպիսով, «Ալաշկերտը» երրորդ անընդմեջ պարտությունը կրեց մրցաշարում, այդ թվում երկրորդը սեփական դաշտում: Թիմը երեք խաղում խփել է 3 գոլ, բաց թողել 11 գնդակ:

Սույն խաղը ցույց տվեց, որ Հայաստանի չեմպիոնը դեռ պատրաստ չէ մրցելու եվրոպական միջին մակարդակ ունեցող թիմերի հետ:

Հաջորդ տուրում «Ալաշկերտը» կրկին կհանդիպի ԼԱՍԿ-ի հետ, սակայն արդեն նրա իսկ դաշտում: Այդ հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 4-ին: