Բացել լրահոսը Փակել լրահոսը
դատավոր
A A
Հասարակություն

Պետական դավաճանության գործը կքննվի դռնփակ

Պետական դավաճանության մեջ մեղադրվող Մայիս Սահակյանի եւ նրա կնոջ՝ Ստելլա Սարգսյանի մասով գործը կքննվի դռնփակ։ Այսօր նման որոշում կայացրեց Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը՝ բավարարելով պաշտպանական կողմի միջնորդությունը։

Մինչ այդ որոշումը, ամբաստանյալ Ստելլա Սարգսյանը հուզվեց՝ նշելով, որ քննիչն իրեն չի պարզաբանել իր իրավունքներն ու պարտականությունները, բացի այդ դատարանի ուղարկած հուշաթերթիկից էլ բան չի հասկացել։ Այս գործը դատարանում է այս տարվա ապրիլի 14-ից։

Հիշեցնենք, որ Մայիս Սահակյանին մեղադրանք է առաջադրվել իր կնոջ՝ Ստելլա Սարգսյանի օժանդակությամբ, լրտեսության, ռազմական բնագավառում պետական եւ ծառայողական գաղտնիքի շարքին դասվող տեղեկություններ հավաքելու եւ հանձնելու, ինչպես նաեւ թշնամական գործունեություն իրականացնելու համար օտարերկրյա կազմակերպության ներկայացուցչին այլ օգնություն ցույց տալու եղանակով կատարել է պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության եւ արտաքին քաղաքականության։