Բացել լրահոսը Փակել լրահոսը
Akanates_logo
A A
Քաղաքականություն

«Ականատես» դիտորդական առաքելության տեղեկանքը ՏԻՄ ընտրությունների դիտարկման վերաբերյալ

ՏԵՂԵԿԱՆՔ՝ 2021 թ․ հոկտեմբերի 17-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դիտարկման արդյունքների վերաբերյալ

2021 թ. հոկտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետության 9 համայնքներում տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) հերթական ընտրություններ: Վեց համայնքում տեղի են ունեցել համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու, մեկում` մեծամասնական ընտրակարգով ավագանու անդամի, իսկ երկուսում՝ միաժամանակ՝ մեծամասնական ընտրակարգով համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:

«Ականատես» դիտորդական առաքելության կողմից երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդություն է իրականացվել բոլոր 6 համայնքներում, որտեղ ընթացել են համամասնական ընտրակարգով համայնքի ավագանու ընտրություններ.

Մարզ

Համայնք

Տարածքային ԸՀ

Բնակավայրերի քանակ

Ընտրողների քանակ

Շիրակ

Գյումրի

31

1

123,115

Սյունիք

Գորիս

34

13

22,262

Տավուշ

Դիլիջան

38

7

20,367

Սյունիք

Մեղրի

35

15

8,870

Սյունիք

Տաթև

34

8

4,475

Սյունիք

Տեղ

34

7

4,054

 

Նախընտրական ժամանակահատվածի գործընթացները դիտարկելու նպատակով «Ականատես»-ը ներգրավել է 4 երկարաժամկետ դիտորդ, որոնք ուսումնասիրել են ընտրությունների վարչարարությունը, գործողությունների համապատասխանությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) կողմից սահմանված ժամանակացույցին, քաղաքական ուժերի և նրանց շտաբների գործունեությունը, նախընտրական քարոզչությունը, վարչական ռեսուրսի չարաշահումը և ընդհանուր մթնոլորտը: Դիտորդները տեղերում աշխատել են ընտրական հանձնաժողովների, թեկնածուների հետ: Տվյալների հավաքագրումը կատարվել է գրասենյակային հետազոտության, առցանց բաց տվյալների վերլուծության, անմիջական դիտարկումների, պաշտոնական հարցումների, հանդիպումների, հարցազրույցների, ինչպես նաև՝ մամուլի լուսաբանումներին հետևելու միջոցով: Անուղղակիորեն ստացված տեղեկությունների ճշգրտությունն ու հավաստիությունն ապահովելու նպատակով՝ դրանք հնարավորինս ստուգվել են մի քանի անկախ աղբյուրների միջոցով:

Նախընտրական շրջանի դիտարկման ընթացքում դիտորդներն իրականացրել են՝

  • 11 նիստի դիտարկում թիվ 31, 34, 35 և 38 տարածքային ընտրական հանձնաժողովներում,
  • 4 քվեարկության նախապատրաստման նիստի դիտարկում թվով 4 տեղամասային ընտրական հանձնաժողովներում,
  • 6 հանդիպում համայնքապետարանի ներկայացուցիչների հետ,
  • 36 այց կուսակցությունների (դաշինքների) շտաբներ,
  • 33 նախընտրական միջոցառումների դիտարկում։

Քվեարկության օրն «Ականատես»-ը դիտորդություն է իրականացրել վերոնշյալ 6 համայնքի 74 տեղամասում՝ ներգրավելով 145 դիտորդ։ Բացի տեղամասերում տեղակայված դիտորդներից, գործել է շրջիկ դիտորդների 4 խումբ։ 

 

Դիտարկման արդյունքներ

«Ականատես» դիտորդական առաքելության կողմից նախընտրական ժամանակահատվածում և քվեարկության օրն իրականացված դիտարկման արդյունքները ներկայացվում են ստորև:

 

Նախընտրական ժամանակահատված

Ընտրական հանձնաժողովների աշխատանք

Տարածքային ընտրական հանձնաժողովները հիմնականում գործել են համաձայն Ընտրական օրենսգրքի պահանջների և ընթացակարգերի: 

Դիտարկված 4 տարածքային ընտրական հանձնաժողովներում գրանցվել է 27 ընտրական ցուցակ, որոնցից 23-ը՝ կուսակցությունների, իսկ 4-ը՝ կուսակցությունների դաշինքների (բաղկացած՝ 2-ական կուսակցություններից) ցուցակներ (ընդամենը՝ 17 քաղաքական ուժ)։ Կուսակցություններից մեկի՝ Հայաստանի կոմունիստական կուսակցության ցուցակի գրանցումը Գորիսում մերժվել է, քանի որ նրա ցուցակում, օրենքի պահանջի համաձայն, ներառված չեն եղել թեկնածուներ  համայնքի կազմում գտնվող բնակավայրերի առնվազն կեսից։

Տարածքային ընտրական հանձնաժողովների աշխատանքի դիտարկման գործընթացում դիտորդի իրավունքների խոչընդոտման դեպքեր չեն եղել:

Հաշվետու շրջանում ընդամենը մեկ դիմում-բողոք է ներկայացվել թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողով, որով «Մարդու իրավունքների պաշտպան» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայտնել է չսահմանված վայրերում փակցված պաստառների մասին։  Խախտումների վերացման նպատակով տարածքային ընտրական հանձնաժողովը դիմել է իրավասու մարմիններին նման խախտումները կանխելու նպատակով։ 

Տարածքային ընտրական հանձնաժողովների աշխատանքների թափանցիկությունը շարունակում է մնալ խնդրահարույց, քանի որ դրանց դիտարկման համար դիտորդները ստիպված են եղել ֆիզիկապես այցելել հանձնաժողովների գրասենյակներ և տեղում ծանոթանալ առկա փաստաթղթերին, քանի որ դրանք տեղադրված չեն ԿԸՀ կայքում, և տարածքային ընտրական հանձնաժողովները դրանք չեն տրամադրում էլեկտրոնային փոստի միջոցով։

 

Նախընտրական քարոզչություն

2021 թ․ հոկտեմբերի 17-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախընտրական քարոզարշավը մեկնարկել է 2021 թ․ սեպտեմբերի 22-ին և տևել է մինչև հոկտեմբերի 15-ը՝ ժամը 24։00-ը։

Քարոզչության նպատակով նախընտրական հիմնադրամներ բացել են դիտարկված համայնքների բոլոր կուսակցություններն ու դաշինքները։ Ընտրություններին մասնակցել են հետևյալ քաղաքական ուժերն՝ ըստ համայնքների.

Գյումրի

  1. «Հայրաքաղաք» կուսակցությունների դաշինք («Ժառանգություն» կուսակցություն և Ռամկավար ազատական կուսակցություն)
  2. «Արժանապատիվ ուղի» կուսակցություն
  3. Հայաստանի հանրապետական կուսակցություն
  4. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն 
  5. «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցություն
  6. Հայաստանի կոմունիստական կուսակցություն
  7. «Գյումրին կռնա՛» կուսակցություննների դաշինք («Հայք» (Հայկազուններ) կուսակցություն և «Նժդեհյան ցեղակրոն» կուսակցություն)
  8. «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցություն
  9. «Թասիբով» կուսակցությունների դաշինք («Համերաշխություն» կուսակցություն և «Ազատություն» կուսակցություն)
  10. «Ապրելու երկիր» կուսակցություն

Գորիս

  1. «Առուշ Առուշանյան» կուսակցությունների դաշինք («Վերածնվող Հայաստան» կուսակցություն և «Ազգային օրակարգ» կուսակցություն)
  2. «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն 
  3. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն 

Տեղ 

  1. «Ապրելու երկիր» կուսակցություն
  2. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն 

Տաթև 

  1. «Ապրելու երկիր» կուսակցություն
  2. «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցություն
  3. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն 

Մեղրի

  1. Ազատական կուսակցություն
  2. «Ապրելու Երկիր» կուսակցություն
  3. «Հանրապետություն» կուսակցություն
  4. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

Դիլիջան

  1. «Ապրելու երկիր» կուսակցություն
  2. «Հայրենիք» կուսակցություն
  3. «Հանրապետություն» կուսակցություն
  4. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
  5. «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն

Ընտրական շտաբներ

Ընտրական շտաբներից տեղեկատվության ստացման մասով որևէ խնդիր չի արձանագրվել, բացառությամբ Գյումրիի, որտեղ «Զարթոնք» ազգայնական քրիստոնեական կուսակցությունը հրաժարվել է դիտորդի հետ խոսել և տեղեկություններ տրամադրել քարոզչության ընթացքի մասին:

Քարոզչանյութերի տարածում

Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում արձանագրվել են բազմաթիվ դեպքեր՝ կապված չսահմանված/արգելված վայրերում քարոզչական նյութերի տեղադրման հետ։ Մասնավորապես՝ պաստառները փակցված են եղել փողոցային սյուների, բազմաբնակարան շենքերի, առևտրի օբյեկտների վրա: Մեղրու Ագարակ բնակավայրում ՀայՓոստի շենքի հետևի հատվածում փակցվել է «Հանրապետություն» կուսակցության պաստառը: Գյումրիում, «Բալասանյան դաշինքի» քարոզչական տեսանյութը գիշերվա ժամին լուսարձակվել է համայնքապետարանի շենքի պատին:

Նման խախտումներ արձանագրվել են համատարած՝ տարբեր քաղաքական ուժերի կողմից, մասնավորապես՝

  • Գյումրիում՝ «Քաղաքացիական պայմանագրի», «Բալասանյան դաշինքի», «Զարթոնքի» կողմից
  • Գորիսում՝ «Քաղաքացիական պայմանագրի», «Առուշ Առուշանյան» դաշինքի, «Հայ ազգային կոնգրեսի» կողմից, 
  • Դիլիջանում՝ «Քաղաքացիական պայմանագրի», «Ապրելու երկիրի», «Հայրենիքի» կողմից,
  • Մեղրիում՝ «Քաղաքացիական պայմանագրի», «Հանրապետության» կողմից:

Թեև կուսակցությունները/դաշինքները դիտորդների հետ հանդիպումների ընթացքում բարձրաձայնել են քարոզչանյութերի տարածման կանոնների խախտման դեպքերի վերաբերյալ, նրանցից որևէ մեկը պաշտոնական դիմում-բողոք տարածքային ընտրական հանձնաժողով չի ներկայացրել: Նման բողոք ներկայացվել է միայն «Մարդու իրավունքների պաշտպան» իրավապաշտպան հասարակական կազմակերպության կողմից:

Դիտորդների կողմից արձանագրվել են խնդիրներ՝ կապված 5 քառակուսի մետր մակերեսը գերազանցող վահանակների հետ։ ՀՀ ընտրական օրենսգրքի սահմանմամբ 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով, ինչպես նաև հասարակական տրանսպորտի կանգառներում և վերելակներում տեղակայված քարոզչական պաստառը կարող է փակցվել միայն ԿԸՀ կողմից նախապես բաշխված արտաքին գովազդային վահանակում: Այս համատեքստում Մեղրի համայնքում (Ադելյան փողոցի) և Ագարակ-ՄԵղրի ճանապարհին 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով գովազդային 2 վահանակներին, առանց ԿԸՀ բաշխմանը ներկայացնելու, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը փակցրել  է ավագանու թեկնածու Արարատ Թումանյանի 5 քառակուսի մետր մակերեսից փոքր պաստառը: 

ՀՀ ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ քարոզչական տպագիր նյութերը պետք է տեղեկություններ ներառեն պատվիրատուի, տպագրող կազմակերպության և տպաքանակի վերաբերյալ: Անհրաժեշտ տվյալները բացակայել են «Գյումրին կռնա՛» և «Բալասանյան դաշինք» ուժերի դիտարկված մի շարք տպագիր քարոզչական նյութերում:

Հարկ է նկատել, որ տարածքային ընտրական հանձնաժողովների կողմից թույլ վերահսկողության պատճառով քարոզչանյութերի տարածման կանոնների խախտումները չեն վերացվել:

 

Քարոզչանյութերի վնասում 

«Ականատես»-ի դիտորդներն արձանագրել են քարոզչական տպագիր նյութերը պատռելու և վնասելու մի շարք դեպքեր։  Ամենաշատ դրվագներ արձանագրվել են Գորիս համայնքում, որտեղ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և «Առուշ Առուշանյան» դաշինքը, կարելի է ասել, «մրցակցել են» միմյանց հետ պաստառները վնասելու առումով: 

 

Միջոցառումներ

Թեկնածուների նախընտրական միջոցառումները (հանրահավաքներ, երթերը և բակային հանդիպումներն ընտրողների հետ) ընթացել են հանդարտ, խաղաղ մթնոլորտում, չեն արձանագրվել բռնության, սպառնալիքի, ատելության խոսքի, կաշառքի և բարեգործության դեպքեր։ Միջոցառումների ընթացքում հիմնականում թեկնածուների կողմից ներկայացվել են համայնքում առկա խնդիրները և դրանց լուծմանն ուղղված՝ քաղաքական ուժերի ծրագրերը:

Բանավեճեր

ՀՀ ընտրական օրենսգրքի համաձայն՝ 70,000-ից ավելի ընտրող ունեցող համայնքների ավագանու ընտրությունների ժամանակ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը նախընտրական քարոզչության ժամանակահատվածում կազմակերպում է ուղիղ եթերով հեռարձակվող նախընտրական բանավեճեր՝ ապահովելով մասնակցության հավասար պայմաններ բոլոր կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) համար։

Բանավեճերի ինստիտուտը բավականին ողջունելի է կառուցողական ընտրապայքար ապահովելու հարցում: Եվ չնայած, որ հոկտեմբերի 17-ի ընտրությունների ընթացքում տվյալ պահանջը պարտադիր էր միայն Գյումրիի ավագանու ընտրությունների համար, այնուամենայնիվ բանավեճեր կազմակերպվեցին նաև մյուս քաղաքային համայնքներում, բացառությամբ Դիլիջանի։

Նախընտրական բանավեճերի արդյունավետության համար խոչընդոտ է քաղաքական ուժերի մասնակցության ապահովման հետ կապված խնդիրը, հարցադրումների ընդհանուր բնույթը և թեկնածուների անփորձ լինելը: Այդուհանդերձ, ցանկալի է բանավեճեր անցկացնելու  պահանջը պարտադիր դարձնել նաև 70,000-ից ցածր թվով ընտրող ունեցող համայնքներում: 

Քաղաքական գովազդներ համացանցում

Թե ընտրություններին մասնակցող կուսակցությունները (դաշինքները), թե դրանց ցուցակներում ընդգրկված թեկնածուները նախընտրական շրջանում օգտվել են ֆեյսբուքյան ցանցի վճարովի գովազդային ծառայություններից, ընդ որում՝ գովազդների մեծամասնությունը շարունակում էր ակտիվ մնալ նաև քվեարկության նախորդ օրը, երբ նախընտրական քարոզչությունն արգելվում է։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Արմեն Ուլիխանյանը նույնիսկ լռության օրը նոր գովազդ են պատվիրել:

2021 թ․ հոկտեմբերի 11-ին ՀՀ ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ հանձնաժողով ներկայացված նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագրերը մեծ մասամբ չեն պարունակում որևէ տեղեկատվություն տվյալ ծառայությունների համար վճարումների վերաբերյալ, և ակնկալվում է, որ հոկտեմբերի 12-17 ժամանակահատվածի հայտարարագրերում դրանք կավելացվեն: 

Վարչական ռեսուրսի չարաշահում

Ֆինանսական ռեսուրսներ

«Ականատեսի» երկարաժամկետ դիտորդներն ուսումնասիրել են նախորդ տարվա ժամանակահատվածում ՏԻՄ-երի կողմից ընդունված որոշումները՝ ուշադրության կենտրոնում ունենալով համապատասխան համայնքներում իրականացվող ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը, ֆինանսական և հողային հատկացումները, հարկային արտոնությունները՝ մասնավորապես այն համայնքներում, որտեղ համայնքի ղեկավարը տվյալ պահին հանդիսանում է համայնքի ղեկավարի թեկնածու: Հաշվետու ժամանակահատվածում դիտորդների կողմից արձանագրվել են վարչական ռեսուրսի չարաշահման մի քանի դեպքեր։ Մասնավորապես․ 

  • Մեղրի խոշորացված համայնքի Լիճք և Տաշտուն բնակավայրերում սեպտեմբերի 26-ին տեղի ունեցած նախընտրական քարոզչության միջոցառմանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակի երկրորդ համարով առաջադրված, Մեղրի համայնքի ղեկավարի տեղակալ Արտուշ Մաթևոսյանը ժամանել է ծառայողական մեքենայով։ 
  • Հոկտեմբերի 5-ին Տեղ համայնքի ղեկավարի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Դավիթ Ղուլունցը տորթով, խմիչքով և քաղցրավենիքով այցելել է Տեղ համայնքի 7 բնակավայրերի 8 դպրոցներ՝ շնորհավորելու ուսուցիչներին միջազգային տոնի կապակցությամբ, ինչի  մասին հրապարակվել է նաև Տեղի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում։ 
  • Տաթև համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Արթուր Մաթևոսյանն իր նախընտրական քարոզարշավը հաճախ իրականացրել է աշխատանքային ժամերին, ինչը մասնավորապես նկատվել է Սվարանց և Տանձատափ բնակավայրերում:

 

Շիրակի մարզպետարանի կողմից Գյումրիի բնակիչներին տրամադրվող սոցիալական աջակցությունը, ինչպես նաև դիտարկված համայնքների համայնքապետարանների կողմից նախընտրական ժամանակահատվածում տրամադրվող ֆինանսական օգնությունը, դրանց ծավալները և հիմքերը դեռևս ենթակա են լրացուցիչ ուսումնասիրման:

 

Քվեարկության օր

2021 թ. հոկտեմբերի 17-ին քվեարկության օրվա ընթացքում «Ականատես»-ի դիտորդների կողմից նկատվել են հետևյալ խնդիրները:

Քվեարկության նախապատրաստում

Տեղամասային կենտրոնների զգալի մասը շարունակում է դժվարամատչելի մնալ սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող ընտրողների համար։ Դիտարկված 74 տեղամասից 23-ում (31.08%) բացակայել են թեքահարթակները՝ անվասայլակով տեղամաս մուտք գործելու համար։

Կողմնակի անձի ներկայություն արձանագրվել է թիվ 34/3 տեղամասում, որտեղ մինչև քվեարկության սկիզբը ներկա են գտնվել նույն կուսակցությունից երկու վստահված անձ։ Հանձնաժողովը տեղեկացված է եղել դրա մասին, սակայն նշվածը որպես խախտում գրանցամատյանում արձանագրվել է միայն քվեարկության ավարտից հետո։ Դիտորդը պահանջել է գրանցամատյանում գրանցել նաև խախտումը ուշ գրանցելու փաստը, որին ի պատասխան՝ հայտնել են, որ 20։00-ից հետո դիտորդը գրանցամատյանում գրառում կատարել չի կարող։ Այդուհանդերձ, դիտորդն ի վերջո գրանցամատյանում արձանագրել է իր գնահատականը: Այս ընթացքում հանձնաժողովի անդամներից մեկը նրա հասցեին հնչեցրել է վիրավորական արտահայտություն։ Դիտորդը դա ընկալել է որպես վիրավորանք և այդ մասին ևս գրանցում  կատարել գրանցամատյանում։

Սենյակի կահավորման պատճառով քվեարկության գաղտնիության խնդիր է արձանագրվել Մեղրի համայնքի թիվ 35/3 տեղամասում։ Մասնավորապես՝ քվեախցիկները տեղակայված են եղել այնպես, որ դրանց հետնամասում գտնվող դռները բաց լինելու պարագայում կողքի սենյակից հնարավոր էր դիտարկել ընտրողների քվեարկությունը: Դիտորդի դիտողության արդյունքում որոշ ժամանակ անց դռները փակվել են և դրանց վրա փակցվել է կպչուն ժապավեն:

Վիճակահանության կարգի խախտում է արձանագրվել դիտարկված տեղամասերից միայն 1-ում։ 

Հատկանշական է, որ զգալի քանակով տեղամասերում բացակայել են կուսակցությունների/դաշինքների ընտրական ցուցակները։ Նման դեպքեր արձանագրվել են դիտարկված տեղամասերից 11-ում (14․86%)։ Դիտորդների հարցումներին տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահները պատասխանել են, որ դրանք չեն տրամադրվել տարածքային ընտրական հանձնաժողովների կողմից։

Դիտարկված տեղամասերը քվեարկության համար հիմնականում բացվել են ժամը 8։00-ին։ 

Քվեարկության ընթացք

Քվեարկությունը հիմնականում ընթացել է հանդարտ՝ չնայած դիտարկված համայնքներում արձանագրվել են մարդկանց և մեքենաների կուտակումներ համայնքապետարաններին, կուսակցությունների (դաշինքների) շտաբներին տեղամասերին հարող տարածքներում։ 

Վիճակահանությամբ սահմանված հերթափոխի խախտում է արձանագրվել թվով 3 տեղամասում։ 

Թվով 4 տեղամասում արձանագրվել է 1-3 դեպք, երբ ընտրողների ցուցակներում ընտրողի անվան դիմաց եղել է ստորագրություն, թեև չի նկատվել որևէ դեպք, երբ ստորագրության առկայության պատճառով ընտրողը զրկվեր ընտրելու իրավունքից։

Թվով 13 տեղամասում արձանագրվել է ընտանեկան քվեարկության 1-3 դեպք, ինչպես նաև բաց քվեարկության դեպքեր թվով 2 տեղամասում։

Մեղրու թիվ 35/1 տեղամասում քվեարկողը ստացել է քվեաթերթիկը և ծրարը, սակայն քվեաթերթիկը պահելով իր մոտ, հանձնել է միայն դատարկ ծրարը, որի վրա հանձնաժողովի անդամը  փակցրել է դրոշմանիշը և ընտրողին թույլ տվել դուրս գալ ընտրատեղամասից: Քանի որ 70,000-ից քիչ ընտրող ունեցող համայնքներում ընտրողները ստանում են միայն մեկ քվեաթերթիկ, այս դրվագը կարող է նշանակել «կարուսելային» քվեարկության փորձ, երբ ընտարեղամաս նոր մուտք գործող ընտրողներն արդեն իսկ իրենց մոտ կարող են ունենալ նախապես քվեարկված քվեաթերթիկը, և հետագայում իրենց հետ նոր դատարկ քվեաթերթիկ դուրս հանելով՝ շարունակել արատավոր շղթան: 

Կողմնակի անձանց ներկայություն արձանագրվել է թիվ 35/1 տեղամասում, որտեղ ժամը 08:00-ից 08:15-ը տեղամասում գտնվել են «Ազատական» կուսակցության 2 վստահված անձինք՝ Սամվել Գևորգյանը և Գուրգեն Հովհաննիսյանը: Դիտորդը հանձնաժողովի նախագահին տեղեկացրել է խախտման մասին և խնդրել միջոցներ ձեռնարկել, սակայն վերջինս վստահված անձանցից որևէ մեկին դուրս չի հրավիրել: Այնուամենայնիվ, որոշ ժամանակ անց դիտորդի կողմից հարցը բարձրացնելու արդյունքում վստահված անձանցից Սամվել Գևորգյանը դուրս է եկել տեղամասից: Հանձնաժողովի քարտուղարը համաձայնել էր խախտման վերաբերյալ դիտորդի գնահատականը գրանցել գրանցամատյանում, սակայն հանձնաժողովի նախագահը թույլ չի տվել գրանցումն իրականացնել:

Դիտարկված՝ 74 տեղամասից 59-ում արձանագրվել է ընտրողների օգնության 506 դեպք, որը բավականին բարձր ցուցանիշ է։ Դեպքերի ամենամեծ քանակն արձանագրվել է Սյունիքի մարզի Գորիս (90 դեպք), Տաթև (88 դեպք) և Տեղ (99 դեպք) համայնքներում։ Թիվ 34/9 տեղամասում «Առուշ Առուշանյան» դաշինքի վստահված անձն ուղեկցել է ընտրողին քվեախցիկ օգնելու նպատակով։ Տվյալ խախտումն արձանագրվել է գրանցամտյանում։  

Ուղղորդման 2 դեպք արձանագրվել է շրջիկ դիտորդների կողմից Շիրակի մարզի Գյումրի համայնքի թիվ 31/10 և 31/12 տեղամասերում։ 

Թիվ 31/10 տեղամասում վստահված անձը, ում անունը և կուսակցական պատկանելիությունը հնարավոր չի եղել ճշտել, քանի որ վերջինս վկայականը կրել է բաճկոնի տակ, ուղղորդել է ընտրողներին և վերահսկել նրանց քվեարկությունը: Մասնավորապես, նշված անձը մոտենում էր գրեթե բոլոր ընտրողներին, կամ ընտրողներն էին մոտենում նրան և վերջիններս խոսում էին միմյանց հետ, իսկ ընտրողների՝ տեղամասային կենտրոնից դուրս գալուց հետո նշված վստահված անձը հարցնում էր նրանց՝ «Ձեր պարտքը տվեցի՞ք», նրանք էլ պատասխանում էին՝ «այո»: Դիտորդները տեղամասում գտնվելու ընթացքում արձանագրել են մոտ 10 նման դեպք: 

Թիվ 31/12 տեղամասում դիտորդն արձանագրել է, որ կողմնակի անձը, ով չէր կրում որևէ տարբերանշան, գտնվում է տեղամասային կենտրոնին հարող տարածքում և վերահսկում է ընտրողների քվեարկությունը: Այսպես, մի դեպքում տեղամասային կենտրոնից դուրս եկած կին ընտրողը կողմնակի անձից ճշտում էր, արդյոք ճիշտ ընտրություն է արել, ճիշտ «թիվ» է ընտրել, թե ոչ, ինչին՝ ի պատասխան կողմնակի անձը պատասխանել է, որ ճիշտ է արել: Մեկ այլ դեպքում նույն կողմնակի անձը քաղաքացու հետ մտել է տեղամասային կենտրոն և փորձել պարզել, թե ինչու քաղաքացին չի կարողանում քվեարկել իր անձնագրով (խոսակցությունից հասկացվում էր, որ կենսաչափական անձնագիրը չէր ընթերցվել): Երրորդ դրվագում՝ ընտրողը դուրս է եկել տեղամասից, մոտեցել տվյալ կողմնակի անձին և հարցրել՝ ինչ անել հետո, վերջինս ասել է, որ ամեն ինչ նորմալ է, ավելի ուշ նրան կզանգահարի:

Դիլիջան համայնքի թիվ 38/1 տեղամասում «Քաղաքացիական պայմանագիր» ընտրական ցուցակով  ավագանու անդամի թեկնածու Նելյա Սահակյանը տեղամասում դրսևորել է ակնհայտ ագրեսիվ վարքագիծ, ինչից հետո հանձնաժողովի նախագահը հեռացրել է թեկնածուին տեղամասային կենտրոնից:

Տեղամասերը հիմնականում քվեարկության համար փակվել են ժամը 20։00-ին։

Քվեարկության արդյունքների ամփոփում

Քվեարկության ամփոփման ընթացքը եղել է հանդարտ, էական խախտումներ չեն արձանագրվել։ 

Արձանագրված խնդիրների հիման վրա դիմում-բողոքներ չեն ներկայացվել։