Բացել լրահոսը Փակել լրահոսը
18077332_272090656534867_7187391910512098596_o-e1536844323615
A A
Քաղաքականություն

«Անկախ դիտորդի» հայտարարությունը` ՏԻՄ ընտրություններում 12:00-ի դրությամբ դիտարկման արդյունքների վերաբերյալ (տեսանյութ)

«Անկախ դիտորդ» դիտորդական առաքելությունը 2021 թ. հոկտեմբերի 17-ի առավոտյան 7:00-ից սկսած դիտարկում է Ֆիոլետովո, Գորիս, Տաթև, Տեղ, Մեղրի, Դիլիջան և Գյումրի համայնքների ավագանու ընտրությունները ավելի քան 45 տեղամասերում և 4 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում:  

 

Առաքելության դիտորդները տեղաբաշխված են հունիսի 20-ի ԱԺ ընտրությունների քվեարկության ընթացքում ընտրական տարբեր վարք դրսևորած տեղամասերում, ինչպես և այցելում են մյուս տեղամասերը և շրջագայության միջոցով դիտարկում համայնքներում ընդհանուր մթնոլորտն ու իրավիճակը: Շրջիկ դիտորդական խմբերը դիտարկել են նաև հանձնաժողովի նիստը լրացուցիչ տեղամասերում։

 

Ստորև ներկայացնում ենք 53 տեղամասերում 07:00-08:00 ժամանակահատվածի վիճակագրական արդյունքները և մինչև ժամը 12:00-ն առաքելության իրավաբանների և շրջիկ խմբերի կողմից արձանագրված միջադեպերը:

 

Այսպես, հանձնաժողովի նիստի ընթացքում դիտարկված 53 տեղամասային կենտրոններից 2-ում ՏԸՀ նիստը նախատեսված 7։00-ի փոխարեն մեկնարկել է 6։45-ին, ինչը հնարավորություն չի տվել դիտարկել նիստի մեկնարկը և անդամների վիճակահանությունը։ 2 տեղամասերում նիստը մեկնարկել է 5, մեկում՝ 15 և մեկում` 30 րոպե ուշացումով։ Վերջին տեղամասում հանձնաժողովի նիստն ավարտվել է 8։10-ին, քանի որ տեղամասի կնիքն ինչ-որ պատճառով տեղում չի եղել և բերվել է այլ վայրից։

 

Դիտարկված 53 տեղամասային կենտրոններից 2-ում քվեարկության սենյակը գտնվել է նկուղում (երկուսն էլ Գյումրիում), իսկ 6 դեպքում՝ 2-րդ հարկում:
 

5 տեղամասեր գնահատվել են որպես բացարձակապես ոչ մատչելի, աստիճաններով մուտքի դեպքում չեն ունեցել թեքահարթակ և լայն մուտք, իսկ քվեարկության սենյակում և քվեախցիկում հնարավոր չի եղել ազատորեն տեղաշարժվել:

 

Տեսողության խնդիրներ ունեցող անձանց ինքնուրույն քվեարկության համար նախատեսված բրայլյան կաղապարներ առկա են միայն Գյումրի համայնքի տեղամասերում, որտեղ կիրառվում են առանձին քվեաթերթիկներ։ Այսինքն, բրայլյան կաղապարներ չեն տրամադրվել մեկ քվեաթերթիկով և գրիչով քվեարկող համայնքներում։ Բոլոր տեղամասերում քվեախցիկներում լուսավորությունը գնահատվել է բավարար։ 

 

Բոլոր տեղամասերում անվնաս են եղել բոլոր քվեաթերթիկները։ Մեկ տեղամասում չի աշխատել տեխնիկական սարքավորումներից մեկը, սակայն խնդիրը բարձրաձայնելուց հետո խոտանը վերացվել է։ 

 

3 տեղամասերի քվեարկության սենյակներում քվեախցիկների hետևում եղել է բաց տարածք, ինչը կարող էր խախտել քվեարկության գաղտնիությունը:

 

Դիտարկվող տեղամասերից որևէ մեկում չի նկատվել գտնվելու իրավունք ունեցող անձանց մուտք գործելու խոչընդոտում: Երկու տեղամասերում արձանագրվել է գտնվելու իրավունք չունեցող անձանց ներկայություն՝ 2 դեպքում դա ոստիկաններն էին, որոնցից մեկը հեռացել է ինքնակամ, իսկը մյուսը նախագահի պահանջով՝ դիտորդի կողմից խնդրի բարձրաձայնումից հետո, ևս մի դեպքում ներկա էր փորձում գտնվել առաջադրված թեկնածուն, սակայն լքել է տարածքը՝ նույնպես դիտորդների կողմից բարձրաձայնման արդյունքում: Հարկ է նշել, որ տեղամասում առանց հանձնաժողովի նախագահի հրավերի գտնվող ոստիկանների թիվը էականորեն նվազում է նախորդ տարիների ընտրությունների համեմատ: Ուշագրավ է, որ ավագանու անդամների ընտրություններին յուրաքանչյուր կուսակցությունից/դաշինքից միաժամանակ գտնվելու իրավունք ունի միայն մեկ վստահված անձ, և այս կանոնը չի խախտվել դիտարկված տեղամասերից որևէ մեկում: Այնուամենայնիվ, շրջիկ դիտորդի այցելած տեղամասերից մեկում միաժամանակ գտնվել են միևնույն կուսակցության 3 վստահված անձինք:

 

Դիտարկված ընտրատեղամասերից միայն 4-ում ներկայացված չեն եղել առաջադրվող ուժերից որևէ մեկի վստահված անձինք, ևս 4-ում միայն մեկ ուժը ներկայացնող վստահված անձինք՝ 2-ը «Առուշ Առուշանյան», 1՝ «Հանրապետություն» կուսակցություն և 1՝ «Ապրելու երկիր» կուսակցություն:

 

Սյունիքում առաքելության դիտորդներն արձանագրել են, որ Տեղ համայնքում մեքենաներով մարդկանց են տեղափոխում տեղամաս: Ընդ որում, նկատվել է նաև առանց համարանիշների մեքենա, որի մասին դիտորդները տեղեկացրել են Ճանապարհային ոստիկանությանը: Նույն համայնքում ՔՊ առաջին համարի եղբայրը, որը նաև հանդիսանում է վստահված անձ, սպառնալիքի հետ ասոցացվող արտահայտություններ է ուղղել «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածուներից մեկին: Բացի սրանից՝ Տեղ համայնքում «Հայփոստի» մասնաշենքի վրա փակցված է ՔՊ-ի թեկնածուի բավական մեծ պաստառ:

 

«Անկախ դիտորդը» շարունակում է հետևել ընտրությունների ընթացքին տեղամասերում դիտորդների և շրջիկ դիտորդական խմբերի միջոցով:

 

«Ընտրություններ բոլորի համար 2021- տեղական դիտորդություն և քաղաքացիական հասարակության կողմից քաղաքացիների իրավազորում» ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի և Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի հետ համատեղ:

 

Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:

 

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը դիտորդություն է իրականացնում հետևյալ անդամ և գործընկեր կառույցների հետ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ ՀԿ

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ

«Գյումրու առաջընթաց» ՔՀԶԿ

«Կանանց իրավունքների տուն» ՀԿ

«Գյումրու ռեստարտ նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ

«Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ