Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+amoyan
A A
Սպորտ

Փառք ու պատիվ մեր մարզիչներին. Ռոման Ամոյանը՝ իր զարմիկի չեմպիոն դառնալու մասին

«Մենք բոլորից էլ սպասելիքներ ունեինք առաջնությունից առաջ, բայց միայն Մալխաս Ամոյանը հաջող հանդես եկավ, որը վստահ, փայլուն հաղթանակներ տարավ բոլոր մրցակիցների նկատմամբ և նվաճեց ոսկի մեդալ։ Երկու քաշային կարգում նույնպես կարող էինք մեդալ նվաճել, բայց չստացվեց։ Թիմային հաշվարկով Հայաստանը զբաղեցրեց 8-րդ տեղը, ինչը վատ արդյունք չէ», - այսօր «Արմենպրես» գործակալությունում հրավիրված մամուլի ասուլիսին ասաց Հայաստանի հունահռոմեական հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանը։

«Ա1+»-ի այն հարցին, թե մեր ըմբիշները հիմնականում որ հատկանիշներով էին զիջում իրենց մրցակիցներին, փորձառու մարզիչն ասաց․ «Մենք բոլորից շատ զիջում ենք պարտերում։ Հենց այդ վիճակում են մեր ըմբիշները շատ միավորներ կորցնում։ Մարզումների ժամանակ միշտ ուշադրություն դարձնում ենք պարտերում ճիշտ պաշտպանվելուն, բայց մրցամարտերը ցույց են տալիս, որ այդ ուղղությամբ դեռ շատ անելիքներ ունենք։ Բացի այդ, ըմբիշները պետք է ֆիզիկապես պատրաստված լինեն, որ միշտ ակտիվ գործեն և չհայտնվեն պարտերում», - ասաց Էդուարդ Սահակյանը։

«Մալխաս Ամոյանը՝ չնայած երիտասարդ ըմբիշ է, բայց բավական գրագետ է գոտեմարտում, քան իրենից տարիքով մարզիկները։ Ուստի մենք սպասում էինք, որ նա կնվաճի աշխարհի չեմպիոնի կոչումը, չնայած Եվրոպայի առաջնությունում դա նրան չէր հաջողվել։ Մալխասը մեծ պոտենցիալ ունի և նա ունի բոլոր հնարավորությունները նոր հաջողությունների հասնելու համար», - իր սանի հաջողությունն այսպես բացատրեց հավաքականի մարզիչ Սամվել Գևորգյանը։

Օսլոյում կայացած աշխարհի առաջնությունում ոսկե մեդալ նվաճած Մալխաս Ամոյանի հորեղբայրը՝ անվանի ըմբիշ Ռոման Ամոյանը, այդ հաղթանակը բացատրեց մարզիչների կատարած աշխատանքով։

«Փառք ու պատիվ մեր մարզիչներին։ Մենք շատ լավ մասնագետներ ունենք։ Պարոն Սահակյանն ու Գևորգյանը լավ նախապատրաստեցին թիմին, պարզապես այս անգամ միայն Մալխասին հաջողվեց մեդալ նվաճել։ Կարծում եմ, որ մարզիչները հետագայում կշտկեն բոլոր թերությունները և մեր ըմբիշներն ավելի հաջող հանդես կգան առաջիկայում», - ասաց հունահռոմեական ըմբշամարտից Եվրոպայի կրկնակի չեմպիոնը։

Վերջում խոսքը տրվեց աշխարհի նորընծա չեմպիոն Մալխաս Ամոյանին։ 22-ամյա ըմբիշը նշեց, որ Եվրոպայի առաջնության եզրափակիչում պարտվելուց հետո օր ու գիշեր մտածել է աշխարհի չեմպիոն դառնալու մասին, ինչն էլ նրան հաջողվեց։

«Հիմա ես ավելի շատ մտածում եմ քաշային կարգս փոխելու մասին, որպեսզի կարողանամ մասնակցել օլիմպիական խաղերին, որովհետև իմ երազանքն է դառնալ օլիմպիական չեմպիոն», - եզրափակեց Մալխաս Ամոյանը։

Հավելենք, որ հունահռոմեական ոճի ըմբիշներն առաջիկայում կմասնակցեն աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությանը, իսկ դեկտեմբերի վերջին տեղի կունենա Հայաստանի առաջնությունը։