Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Շատ տեղահանված քաղաքացիներ հրաժարվում են վերադառնալ Արցախ՝ վախենալով ապագայի համար (տեսանյութ)

«Հայաստան» խմբակցությունը քննարկում էր կազմակերպել Հադրութի և այնտեղից բռնի տեղահանված բնակիչների ունեցած խնդիրների մասին խոսելու համար։ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը նշեց, որ այս օրերին են կազմակերպել քննարկումը, որովհետև լրանում է Հադրութի անկման առաջին տարելիցը։

Անցնող ամիսներին շատ անգամներ հադրութցիներին ներկայացնող շատ ՀԿ-ներ բարձրաձայնել են եղած հիմնահարցերը՝ սոցիալ-տնտեսականից մինչև քաղաքական, սակայն հաճախ այդ ամենը իմի չի բերվել և չի համադրվել։

«Սա առաջին փորձն է տարբեր ՀԿ-ների, գերատեսչությունների մասնակցությամբ քննարկելու եղած հարցերը, իմի բերելու, ցանկագրելու և օգտագործելով խորհրդարանական լծակները՝ այդ ամենը բարձրաձայնելու։ Մեր հրավերին ընդառաջել է նաև ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանը։ Այստեղ են նաև ՄԻՊ և Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչները», - ներկայացրեց Գեղամ Մանուկյանը։

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն էլ նշեց, որ անցել է մեկ տարի պատերազմից, և պետության կողմից լիարժեք գնահատական չի տրվել այդ իրավիճակին, որովհետև բազմաթիվ թերություններ կան, որոնք վերաբերում են պետական, ռազմական կառավարման և այլ ոլորտներին։

ՀՀ-ում Արցախի հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանը նշեց, որ այս պահին Հայաստանում գտնվում է արցախցի շուրջ 5294 ընտանիք՝ 20433 մարդ։ Խնդիրներ պարբերաբար են առաջանում՝ կապված տվյալ ժամանակահատվածի հետ։ Օրինակ, օգոստոս և սեպտեմբեր ամիսներին հիմնական հարցը կապված է համապատասխան համայնքներում, դպրոցներում քվոտաների առկայության հետ։

«Երկու հիմնական խնդիրը բնակարանային ապահովումն է և միջին գումարի ապահովումը, որ կարողանան գոյատևել ՀՀ-ում։ Կարողանան սնունդ գնել, կոմունալ վճարները կատարել, որ խնդիրների առաջ չկանգնենք», - ասաց Միքայել Վիրաբյանը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանն ասաց, որ Տեղահանվածների ֆինանսական աջակցության վերաբերյալ նախագծում որոշակի փոփոխություն են իրականացրել և սեպտեմբերից մինչև դեկտեմբեր տեղահանված անչափահասներին և առաջին ու երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց կտրամադրվի ամսական 50 հազար դրամ, իսկ մնացած քաղաքացիներին 25 հազար դրամ աջակցություն։

«Կառավարության որոշումը հաստատելուց հետո, երբ քաղաքացիների ծրագրից օգտվելու համար դիմումներ կստանան, առաջին վճարման հետ կստանան նաև սեպտեմբեր ամսվա գումարները», - ասաց Դավիթ Խաչատրյանը։

Դավիթ Խաչատրյանի խոսքով՝ շատ տեղահանված քաղաքացիներ հրաժարվում են վերադառնալ Արցախ՝ վախենալով ապագայի համար։ Սեյրան Օհանյանն էլ նշեց, որ քաղաքացիների՝ Արցախ վերադառնալը կարևոր է հաապահպանման խնդրի լուծման համար։