Արջը հարձակվել էր զինվորականի վրա
Կապանի բժշկական կենտրոնի վնասվածքաբանական բաժանմունքի բժիշկները 35-ամյա զինվորական Տիգրան Ղամբարյանի վիճակը արդեն բավարար են գնահատում։ Վերջինիս 4 օր առաջ հոշոտել է արջը։ Հոկտեմբերի 15-ին Տիգրանը, աշխատանքի մեկնելուց առաջ, առավոտյան, ժամը 8.30-ի սահմաններում մտել է եգիպտացորենի արտը, որպեսզի սիլոս հավաքի։ Ոչինչ չէր կասկածում, քանի որ այդ կողմերում՝ գիշատիչ կենդանիների երբեք չէր հանդիպել։
«Մտա, տեսա ցողունները գետնին տապալված են, մտածեցի, որ անասունների արածը կլինի։ Մտածում էի, տեսնես ում կովն է մտել, ու հանկարծ արջը հարձակվեց վրաս։ Երևի քնած էր»,-պատմում է Տիգրանը։ Հիմա չի էլ հիշում՝ վախեցել է, թե՞ փորձել փրկվել։ Արջի հետ գոտեմարտել է, որը, ըստ Տիգրանի հաշվարկի՝ 10-12 վայրկյան է տևել։ Հակառակ դեպքում, համոզված է, որ արջը իրեն կուտեր։ Վնասվածքաբանական բաժանմունքի վարիչ Սարիկ Աթաջանյանի խոսքով, չնայած վտանգը անցել է, բայց հիվանդը պետք է հսկողության տակ լինի։
«Ձախ դաստակը ամբողջովին երախի մեջ է մտցրել, ծամել, մեծ վերքեր են առաջացել։ Նաև ձախ ազդրն է վնասել, բաց վերքեր են»,-ասում է բժիշկը։ Տիգրանը Ղամբարյանը իրեն արդեն լավ է զգում: Կես կատակ- կես լուրջ էլ՝ արդեն հպարտանալու բան ունի։ Արջի հետ է մենամարտել, թեկուզ փոքր արջի ու մի քանի վայրկյան։
Արմեն Դավթյան, Կապանի «Սոսի» Հ/Ը