Սիսիանցին գոհ կմնա՞
ՙՍիսիան քաղաքի ջրամատակարարման բաշխիչ ցանցերի բարելավում՚ ծրագրի շրջանակում կփոխվի քաղաքի խմելու ջրի ներքին ցանցի 70 %-ը: Աշխատանքները սկսվել են այս տարվա գարնանը:
Այդ նպատակով ՀՀ կառավարությունը միջոցներ էր տրամադրել Ասիական զարգացման բանկից: Ըստ նախագծի` Սիսիանում պետք է իրականացվեր 308 մլն դրամի աշխատանք: Պետք է փոխվեր 27 կմ երկարությամբ խողովակաշար: Սակայն աշխատանքների ընթացքը, ինչպես նաեւ ասֆալտավերականգնման պահանջը որոշ փոփոխությունների ենթարկեցին նախագիծը:
ՙՀայջրմուղկոյուղի՚ ՓԲԸ հարավային տարածքային մասնաճյուղի տնօրեն Ջիվան Մարգարյանի տեղեկատվությամբ` ընդհանուր առմամբ կիրականացվի 320 մլն դրամի աշխատանք, կփոխվի 18 կմ խողովակ:
Նշենք, որ ՙՀայջրմուղկոյուղին՚ ստիպված եղավ վերանայել իր նախագիծը այն բանից հետո, երբ Սիսիանի համայնքի ղեկավար Աղասի Հակոբջանյանը բանակցությունների անհաջող ընթացքից հետո դադարեցրեց ծրագիրը: Պատվիրատու կազմակերպությունը պարտավորվեց վերականգնել քանդված ասֆալտը, եւ աշխատանքները վերսկսվեցին:
Ասֆալտավերականգնման հետ կապված քաղաքապետարան-ջրմուղ ՙհակամարտությունը՚ Սիսիանում նորություն չէ: Տարիներ շարունակ վթարները վերացնելու համար քանդվել են փողոցները, եւ ասֆալտի վերականգնում չի իրականացվել:
Կապալառու կազմակերպությունները, ի դեպ, երկուսն են` ՙՎարգոս՚ եւ ՙՆորոգշին՚ բաց բաժնետիրական ընկերությունները:
Սեփական տների ջրաչափիչ սարքերի համար նախատեսված դիտահորերը տեղադրվել են հենց մայթերի մեջտեղում: Քաղաքապետարան-ջրմուղ հաջորդ տարաձայնությունը ծագել է հենց այս հարցի շուրջ: Համայնքի ղեկավարի հերթական պահանջն էր` ապամոնտաժել տեղադրված դիտահորերը եւ տեղափոխել տների մերձակա հատված:
Աշխատանքների ավարտը նախատեսված է 2011թ-ի մարտին, սակայն, պարոն Մարգարյանի տեղեկացմամբ, դրանք կեզրափակվեն ժամկետից շուտ` մինչեւ տարեվերջ: Առաջիկայում կսկսվեն նաեւ ասֆալտավերականգնման աշխատանքները:
Արմեն Հովակիմյան
Սիսիան