Հնարավորություն արցախցի ու հայաստանցի աշակերտներին՝ կրթաթոշակով սովորելու Դիլիջանի UWC դպրոցում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԴիլիջանի միջազգային դպրոցը UWC-գլոբալ կրթական շարժման 18 դպրոցներից մեկն է։ Այստեղ սովորում են 83 երկրներից ավելի քան 200 աշակերտներ։ Դասավանդում են ուսուցիչներ աշխարհի 50 երկրներից։
«Առաջին անգամ լսել եմ UWC դպրոցի մասին իմ ընկերոջ քույրիկից, ով նույնպես սովորել է այս դպրոցում, և դա ինձ ստիպել է, որ ուսումնասիրեմ այս դպրոցը և հասկացել եմ, որ սա միջազգային միջավայրում կրթություն ստանալու լավագույն տարբերակներից մեկն է», -նշում է իտալացի Դավիթը, ով սովորում է Դիլիջանի միջազգային դպրոցում։
Դպրոցի շրջանավարտներն ընդունվում են աշխարհի լավագույն համալսարանները։ Ծրագիրը համապատասխանում է միջազգային բոլոր չափանիշներին։
Այստեղ դասավանդման մեթոդները տարբերվում են։ Ինչպես նշում է Դիլիջանում սովորող երևանցի Աննան, ուսուցիչների հետ հարաբերությունները ավելի անմիջական են, քան մյուս դպրոցներում, կարող են ուսուցչին ցանկացած հարցով դիմել և դա հրաշալի միջավայր է ստեղծում դասարանում, որտեղ բոլորը միմյանցից սովորում են և չեն վախենում սխալվելուց։
Կրթությունն այստեղ իհարկե վճարովի է, բայց կա կրթաթոշակի հնարավորություն։
Անի Գևորգյանը 5 տարի առաջ է ավարտել Դիլիջանի միջազգային դպրոցը, որը հնարավորություն է տվել նրան ընդունվել և սովորել Լոնդոնում հենց դպրոցի գնահատականներով։
Արցախի և Հայաստանի երեխաները մինչև նոյեմբերի 7-ը կարող են դիմել դպրոց ընդունվելու համար։ Ցանկացողները պետք է դիմեն UWC Հայաստանի ազգային կոմիտե։