Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Երթ Արցախում. Դիմավորել են քահանան, զինվորը և հղի կինը (տեսանյութ)

Սեպտեմբերի 26-ին Ստեփանակերտում կայացել է «Արցախն ապրում է» խորագրով ջահերթ՝ ի հիշատակ արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված քաջորդիների։ 

Նախքան երթի մեկնարկը՝ Սբ. Հակոբ եկեղեցում տեղի է ունեցել հոգեհանգստի կարգ։ Եկեղեցու բակում ԱրՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Արա Սարգսյանը երիտասարդության անունից հանդես է եկել ելույթով, որը Արցախի հայկականության, արցախցու՝ իր հողին ամուր կառչած լինելը, Արցախում ապրելու ու արարելու հայ ժողովրդի անսասան կամքը փաստող ուղերձներ էր պարունակում։ «Արցախը ապրում է։ Արցախը հայկական է։ Մենք ապրելու ենք Արցախում»,- ելույթի այս տողերը մասնակիցները հնչեցրել են միասին։ Անուհետև մասնակիցները ջահերով շարժվել են դեպի Ստեփանակերտի հուշահամալիր՝ իրենց հետ տանելով Արցախի Հանրապետության դրոշը։

Երթին են միացել «Հայաստան», «Սփյուռք», «Հադրութ», «Շուշի», «Քաշաթաղ», «Շահումյան», «Քարվաճառ» թևերը։ Երթն ամփոփվել է Ստեփանակերտի հուշահամալիրում, որտեղ մասնակիցներին դիմավորել են քահանան, զինվորը և հղի կինը, ովքեր խորհրդանշում են հավատը, ուժը և կյանքը։ Նրանք էլ միացել են երթին:

Լուսանկարները՝ «Արցախպրես»-ի։