Բացել լրահոսը Փակել լրահոսը
շշով հարված
A A
Պաշտոնական

Շշերով հարվածներ, դանակահարություն՝ շան հաչոցից հետո

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է սպանության փորձի և որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

Մինչդատական վարույթում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքերը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը:

Մասնավորապես՝ քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2020թ. հուլիսի 9-ին Երևան քաղաքի Արագածի փողոցի տներից մեկում խնջույք է տեղի ունեցել: Ժամը 22:00-ի սահմաններում խնջույքի մասնակիցներից երկուսը, գարեջուր գնելու նպատակով, դուրս են եկել տանից: Ճանապարհին վիճաբանություն է սկսվել փողոցում զբոսնող, նույն թաղամասի բնակիչներ, ամուսնական զույգի հետ՝ շան հաչելու պատճառով, որի ընթացքում երիտասարդներից մեկը գարեջրի շշի պարունակությունը լցրել է շան վրա:

Արժանանալով շան տիրոջ դիտողությանը՝ երիտասարդները, չնչին շարժառիթով, խուլիգանական մղումներից ելնելով, իրենց անձի գերակայությունն ընդգծելով, խմբի կազմում, մեկը մյուսի գործողությունները փոխլրացնելով, բռնություն են գործադրել նրա նկատմամբ՝ ձեռքերով հարվածելով նրա դեմքին ու գցելով գետնին:

Այդ ընթացքում «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով շենքի բակ են մտել խնջույքի այլ մասնակիցներ ևս և խմբի կազմում շարունակելով տղամարդու նկատմամբ բռնություն գործադրել՝ հայհոյել են, ինչին միջամտել է վերջինիս կինը՝ փորձելով հանդարտեցնել ամուսնուն ծեծի ենթարկող անձանց, սակայն երիտասարդներից մեկը գարեջրի շշով հարվածել է նրա գլխին:

Իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է նաև, որ նշված միջադեպին մասնակից են դարձել նաև նույն ժամանակ և նույն փողոցի մեկ այլ տանն անցկացվող խնջույքի մասնակիցներ ևս, որոնցից մեկը, միջադեպի աղմուկ-աղաղակի և ավտոմեքենայի արգելակման բարձր ձայնը լսելով, կարծել է, թե վրաերթ է տեղի ունեցել, և այդ մասին հայտնել է ներկաներին:

Լուրը լսելուն պես՝ խնջույքի մասնակիցներն իջել են բակ, որտեղ նրանցից մեկը, տեսնելով, որ ոգելից խմիչքի ազդեցության տակ գտնվող ընկերն ուզում է մոտենալ բակում վիճաբանողներին, փորձել է կանխել, խոչընդոտել նրա առաջխաղացումը, սակայն նա, իր մոտ պահվող դանակով դիտավորությամբ հարվածել է իր գործողությունները խոչընդոտողի կրծքավանդակի ձախ հատվածին: Այս կերպ հաղթահարելով արգելքը՝ նա մոտեցել է վիճաբանողներին ու խմբի կազմում, բռնություն գործադրել նրանց, ինչպես նաև՝ վիճաբանողներին հանդարտեցնողների նկատմամբ, որի ժամանակ իր մոտ եղած դանակով հարվածել է երկու անձի՝ վերջիններիս պատճառելով մարմնական վնասվածքներ, վիճաբանել է խնջույքի մասնակիցների, հյուրերի ու վիճաբանությունը հանդարտեցնողների հետ, որի ընթացքում վիճաբանող կողմերը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հարակից շենքերի բնակիչների նկատմամբ, հայհոյել են, վախի մթնոլորտ առաջացրել հարևանների շրջանում, գարեջրի շշեր են նետել միջադեպի հետևանքով շենքի բակ իջած անձանց ուղղությամբ, վնասել բակում կայանված «Ֆորդ Ֆոկուս» մակնիշի ավտոմեքենան: Այդ ընթացքում վիճաբանողներից մեկը, «Mercedes» մակնիշի ավտոմեքենայից վերցնելով փայտե մահակը, հարվածել է իրենց նկատմամբ բռնություն գործադրող անձանցից մեկի դեմքին:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ երեք անձի մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, մեկին՝ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով. վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Եվս մեկ անձի մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով, իսկ որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառվել է կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին: