Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Գառնառիճ գյուղում դպրոցական սննդի պիլոտային ծրագիր են սկսել

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի մամուլի հաղորդագրությունը․

Սեպտեմբերի 10-ին Շիրակի մարզի Գառնառիճ գյուղում ՄԱԿ-ի Պարենի Համաշխարհային Ծրագիրը (ՊՀԾ), «Ճյուղային սննդի ինստիտուտ»-ի (SIFI) հետ համատեղ, կազմակերպել է «Արփի համայնքի զարգացման ծրագրի» բացման արարողությունը։

ՊՀԾ-ն և SIFI-ն փորձարկել են նորարարական պիլոտային մոտեցում, որը կնպաստի սննդարար և տնտեսապես կայուն դպրոցական սննդի ծրագրի զարգացմանը՝ մեծացնելով դպրոցական սննդի աշխատանքներին ֆինանսավորելու գործում համայնքների մասնակցությունը:

Արփի համայնքում ՊՀԾ-ն և SIFI-ն ներդրումներ են կատարում տեղական ձեռնարկություններում` ապահովելու նրանց եկամտաբերությունը և նպաստելու դպրոցական սննդի ծրագրի կայունությանը:

«Մեր երեխաների դաստիարակության և առողջության ամենակարևոր բաղադրիչներից մեկը հավասարակշռված սնունդն է: Ես ուրախ եմ, որ ականատեսն եմ Հայաստանում դպրոցական սննդի ծրագրի զարգացմանը և այն ծրագրի արդյունքների, որն իրականացվել է ՄԱԿ -ի Պարենի Համաշխարհային Ծրագրի կողմից ՝ Ռուսաստանի Դաշնության ֆինանսական աջակցությամբ և ռուս գործընկերների փորձառության շնորհիվ»,- նշում է Գյումրիում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրովը։

Ծրագրի շրջանակում երկու դպրոցում հիմնվել են ջերմոցներ, իսկ հինգ դպրոցում տեղադրվել արևային կայաններ, ինչը նրանց թույլ կտա լրացուցիչ եկամտի աղբյուր ձեռք բերել և հոգալ դպրոցի հետ կապված այլ ծախսերը: Ավելին, կաթի վերամշակման չորս գործարան և մեկ թռչնաֆաբրիկա ապահովվել են նոր սարքավորումներով` արտադրական գործընթացները հեշտացնելու, և արևային վահանակներով` էլեկտրաէներգիայի ծախսերը նվազեցնելու համար:

«Շատ անհրաժեշտ է ստեղծել մեխանիզմ, որտեղ ծրագրի ակտիվներն իրենք են շարունակում եկամուտ ապահովել, որը հաջորդ 25 տարվա ընթացքում կարող է ներդրվել համայնքի կարիքների համար: Ավելին, ՊՀԾ-ն հանձնառու է իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցություն չեն ունենա», - շեշտել է ՊՀԾ-ի փոխտնօրեն Նաննա Սկաուն:

Ծրագրի շրջանակում ստեղծվել է «Արփի համայնքի զարգացման և ներդրումների» հիմնադրամը, որի նպատակն է ապահովել համայնքի կողմից Ծրագրի սեփականությունը: ՊՀԾ-ն, SIFI-ի հետ միասին, խորհրդակցություն և տեխնիկական աջակցություն է տրամադրում հիմնադրամին, որը հետագայում պատասխանատու կլինի համայնքում դպրոցական սննդի ծրագրի կայունության համար:

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը 2020թ․-ի Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր է: Մենք աշխարհի ամենամեծ մարդասիրական կազմակերպությունն ենք, որը կյանքեր է փրկում արտակարգ իրավիճակներում և օգտագործում է պարենային օգնություն ՝ խաղաղության, կայունության և բարգավաճման ուղի կառուցելու համար հակամարտությունից, աղետներից և կլիմայի փոփոխության ազդեցությունից վերականգնվող մարդկանց համար: