Բացել լրահոսը Փակել լրահոսը
Maral Najarian Visit 1
A A
Պաշտոնական

Շարունակվում է հայրենադարձության գործընթացը․ հանձնակատարի գրասենյակ

Սեպտեմբերի 13-17-ին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն արձանագրեց մի շարք կարևոր իրադարձություններ: Սփյուռքահայ մասնագետ Անի Իսպիրյանը, ով Հայաստան է տեղափոխվել Ռուսաստանից, նշանակվեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ: Անին  նախորդ մեկ տարին աշխատում էր հենց այդ նախարարությունում «իԳործ» ծրագրի շրջանակներում, որը հնարավորություն է տալիս սփյուռքահայ մասնագետներին աշխատել Հայաստանի պետական կառույցներում:

 

Ի դեպ, սփյուռքահայ մասնագետները շարունակում են ակտիվ մասնակցություն ունենալ պետական կառավարման համակարգի աշխատանքներին: ՀՀ նախագահի աշխատակազմը ևս ընդունեց սփյուռքահայ աշխատակցի: Արգենտինահայ Մարիանա Շահինյանը մեկ տարի կգտնվի հայրենիքում: Սփյուռքահայ մասնագետների ինտեգրումը դյուրացնելու նպատակով Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակում էին հավաքվել բոլոր պետական մարմինների ներկայացուցիչները, որոնց ղեկավարության ներքո աշխատում են համայնքներից ժամանած մասնագետները: Նրանք կիսվեցին իրենց փորձով և ակնկալիքներով:

 

Սեփական գիտելիքները հայրենիքին ծառայեցնելուց բացի՝ սփյուռքահայերը շարունակում են ներդրում ունենալ Հայաստանի առողջապահության ոլորտի զարգացման գործում: «Գերմանահայ գործարարների միության» ջանքերով «Պրոֆ. Ռ Հ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում» բացվեց Հեմոֆիլիայի և թրոմբոզների կենտրոն: Միջոցառմանը մասնակցեցին Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը և  Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Այն կաշխատի միջազգային չափանիշներին համապատասխան  ախտորոշման և բուժման մոտեցումներով:

 

Սփյուռքը ոչ միայն Հայաստանի ներսում է իր աջակցությունը ցուցաբերում, այլ նաև դրսում՝ համայնքներում: Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Ուկրաինայում մասնակցեց կապերի ստեղծման և համագործակցության ձևաչափով հանդիպում-միջոցառման: Այն կազմակերպվել էր Simul Fortes հայկական բիզնես ակումբի կողմից և կրում էր «Միասին ավելի ուժեղ» խորագիրը: Միջոցառմանը ներկա էին Ուկրաինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանը, հայ և ուկրաինացի գործարարներ, Գերագույն ռադայի պատգամավորներ, այլ պաշտոնյաներ, համայնքային ներկայացուցիչներ:

 

Այս ամենին զուգահեռ՝ շարունակվում է հայրենադարձության գործընթացը: Հաջորդ հայրենադարձության պատմությունը լի է ուժով և կամքով: Արցախում հաստատված և պատերազմի հետևանքով գերեվարված Մարալ Նաջարյանը դարձյալ հայրենադարձվել է: Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ զրույցում խոսվեց գերության ընթացքում ունեցած նրա ապրումների, ներկայիս առողջական վիճակի մասին, նաև թե ինչպես գրասենյակը կարող է աջակցել նրան Հայաստանում աշխատանքի և կեցության հարցում:


Մեկ այլ լիբանանահայ՝ Շուշան Քեշիշյանը, հաստատվել է Արցախում և հիմնել «Հաբ Արցախ» հասարակական կազմակերպությունը: Այն տեղակայված է Ստեփանակերտում և նպատակ ունի խթանել ձեռներեցությունն ու համատեղ աշխատանքի վայր ծառայել արցախցիների համար: Ի դեպ, Շուշանը ևս նախկին «իԳործ»-ական է: