Բացել լրահոսը Փակել լրահոսը
Armenian_Communist_Party_logo
A A
Պաշտոնական

Կոմունիստական կուսակցությունը հայտնում է, որ կապ չունի Պուտինի դիմանկարով պաստառի հետ

Հայաստանի Կոմունիստական Կուսակցության հայտարարությունը․

«Համացանցով և լրատվական կայքերով ակտիվ տարածվում է ՌԴ նախագահ Վ․ Վ․ Պուտինի դիմանկարով պաստառը, որը վերագրվում է Հայաստանի Կոմունիստական կուսակցությանը։

Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը պաշտոնապես հերքում է այդ տարածվող լուրը և մեկ անգամ ևս հայտնում, որ կապ չունի վերոնշյալ պաստառի հետ։
 
Հայաստանի Կոմունիստական կուսակցության պատվերով տպագրվել և փակցվել են ԽՍՀՄ մարշալ Բաղրամյանի, հեղափոխական Ստեփան Շահումյանի և հայ-ռուսական բարեկամությանը վերաբերող պաստառներ։
 
Ակտիվ շահարկվում է հայ-ռուսական բարեկամությանը վերաբերող պաստառը, որով փորձ է արվում հարցականի տակ դնել այս թեման։ Մենք մեկ անգամ ևս վերահաստատում ենք մեր դիրքորոշումը, որ հայ-ռուսական եղբայրությունն ու բարեկամությունը չունի այլընտրանք, իսկ Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը այդ բարեկամության և եղբայրության ջատագովներից ու հիմնասյուներից մեկն է։
 
Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության և համագործակցության արդյունքում վերածնվեց մեր հայրենիքը և մեր ժողովուրդը փրկվեց բնաջնջումից, իսկ այսօր գտնվում են բախտախնդիրներ, որոնք պատրաստ են պետության, երկրի, ժողովրդի անվտանգության հաշվին կեղտոտ խաղերի մեջ մտնել ԱՄՆ ի և Արևմուտքի հետ՝ տարածելով հակառուսական տրամադրություններ, հանուն իրենց նեղ անձնական և խմբակային շահերի։
 
Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը տրամադրված է վճռական և պատրաստ է կրկին տեր կանգնել իր կառուցած ու շենացրած երկրին, ժողովրդին պարգևելով անվտանգություն, սոցիալական, մշակութային, գիտական և տնտեսական վերածնունդ։
 
ՀԿԿ ԿԵՆՏԿՈՄ»։