Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Աֆղանստանից հեռանալու հարցը` ԱՄՆ-ի Կոնգրեսի լսումների ժամանակ (տեսանյութ)

Ամերիկայի Ձայն

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի օդանավակայանից ամերիկյան ուժերին դուրս բերող վերջին օդանավի թռիչքից երկու շաբաթ անց, որն ավարտեց քսան տարի տեւած պատերազմը, ԱՄՆ-ի օրենսդիրները հարցեր են ուղղում Ջո Բայդենի վարչակազմի պաշտոնատար անձանց, նրանց մեղադրելով այն բանում, որ չեն կանխատեսել Թալիբանի կողմից ամբողջ Աֆղանստանն այդքան արագ գրավելու հնարավորությունը:

Ինչպես լսումների ժամանակ երկրի պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասաց. ‘’Եթե քսան տարիները եւ հարյուր միլիարդավոր դոլարները, սարքավորումներն ու մարզումներն իրենց չարդարացրին, ուրեմն ինչու՞ պիտի այնտեղ մնայինք եւս մեկ տարի, կամ հինգ կամ էլ տասը տարի’’: Ավելի երկար մնալը որեւէ արդյունք չէր տալու, ասում է նա:

Սակայն հանրապետական կոնգրեսականները պնդում են, որ Սպիտակ տունը կարող էր թույլ չտալ քաոսային նման իրավիճակ, որպեսզի միջազգային ասպարեզում չվնասվեր ԱՄՆ-ի հեղինակությունը:

Նրանցից Ստիվ Չեբոթի խոսքերով. ‘’Ամերիկյան ուժերը քսան տարի առաջ մուտք գործեցին Աֆղանստան, քանի որ այն ապաստան էր տալիս ալ Քաիդային, որն էլ իրականացրել էր ահաբեկչական հարձակումներ 2001 թվականի սեպտեմբերի 11-ին: Քսան տարի անց նրանք վերադարձել են եւ վերցրել միլիարդավոր դոլարների արժողությամբ մեր սարքավորումները, տեխնիկան, զենքերը ու գուցե դարձել են նոր ապաստարան ահաբեկիչների համար’’: Ինչպես կարելի է սա արդարացնել, հարց է տալիս կոնգրեսականը:

Բլինքենն ասաց, որ չնայած ամերիկյան ջանքերի շնորհիվ չեզոքացվել են ալ Քաիդայի կողմից սպառնալիքները, Ամերիկան այլ երկրներում իր միջամտությունների պատմությունից ունի քաղելու դասեր:

‘’Հարկավոր է ընդունել, որ ռազմական ուժով հասարակության վերափոխումը վեր է մեր հնարավորություններից: Ու հարկավոր է լավ մտածել, թե արդյոք ուզում ենք հետագայում եւս շարունակել նման քաղաքականություն’’, ասում է Բլինքենը:

Չնայած այն հանգամանքին, որ Աֆղանստանից հափշտապ դուրս գալու քայլը քննադատության է արժանանում նաեւ որոշ դեմոկրատների կողմից, վերջիններս հիշեցնում են, որ հանրապետական նախագահ Թրամփն էր Թալիբանի հետ գործարք կնքողը: ‘’Թրամփի գործարքի համաձայն Աֆղանստանի կառավարությունը բանտերից ազատ արձակեց հինգ հազար գերիների եւ միջազգային ճանաչում ապահովեց Թալիբանի համար: Այդ գործարքը թալիբներին հեռու չպահեց ահաբեկիչներից ու չդադարեցրեց նրանց հարձակումներն ընդդեմ Աֆղանստանի կառավարության’’, հիշեցնում է դեմոկրատ կոնգրեսական Գրեգորի Միիքսը:

Անդրադառնալով Աֆղանստանում դեռեւս գտնվող ամերիկացիների խնդրին` արտգործնախարար Բլինքենը կոնգրեսականներին տեղեկացրեց, որ այս պահին այնտեղ է գտնվում ԱՄՆ-ի դեռեւս 100 քաղաքացի, եւ որ Պետդեպարտամենտն արագացնում է հատուկ ներգաղթի վիզայով այստեղ տեղափոխված աֆղանստանցիներին բնակության իրավունք շնորհելու աշխատանքները: