Բացել լրահոսը Փակել լրահոսը
241648607_412836213534499_1291937941058706047_n
A A
Քաղաքականություն

Վրաստանի վարչապետը Ախալքալաքում և Նինոծմինդայում ներկայացրել է «Վրացական երազանքի» թեկնածուներին

Սեպտեմբերի 12-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Ախալքալաքում և Նինոծմինդայում ներկայացրեց առաջիկա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համար քաղաքապետերի և սակրեբուլոների (ավագանի) մեծամասնական թեկնածուներին: Այս մասին գրել է aliq.ge-ն։

«Վրացական երազանքը» Ախալքալաքում քաղաքապետի պաշտոնում պաշտոնապես ներկայացրեց Մելքոն Մակարյանի թեկնածությունը, որն էլ իր հերթին ելույթի ավարտից հետո ներկայացրեց Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի մեծամասնական պատգամավորության թեկնածուներին:

«Ես հաստատ գիտեմ, որ առաջընթացին համընթաց մենք դեռևս կանգնած ենք մի շարք մարտահրավերների առջև: Այնուամենայնիվ, մենք ունենք հստակ տեսլական, թե ինչպես հաղթահարել դրանք: Մեր մունիցիպալիտետին անհրաժեշտ են փորձառու, արհեստավարժ, եռանդուն, գործին տիրապետող ​​մարդիկ։ Ուստի «Վրացական երազանքը» ,մեր քաղաքական թիմն այլընտրանք չունի»,- իր ելույթում նշեց քաղաքապետի թեկնածուն:

Ախալքալաքից հետո Ղարիբաշվիլին Նինոծմինդայում ներկայացրեց քաղաքապետի թեկնածու, գործող քաղաքապետ Անիվարդ Մոսոյանի թեկնածությունը: Մոսոյանն իր ելույթում շնորհակալություն հայտնեց նինոծմինդացիներին վերջին տարիներին հաջողված նախագծեր իրականացնելու համար:

«Ես և իմ խումբն ունենք կոնկրետ տեսլական, թե ինչպես դարձնել Նինոծմինդան ավելի արդունավետ, զարգացած և հաջողակ։ Այս ուղղությամբ մեր կարևորագույն նկատառումներից մեկը երիտասարդներին աջակցելն է, նրանց զարգացման, կրթության եւ աշխատանքի մասին հոգալը։ Հավատում եմ, որ Նինոծմինդան կդառնա քաղաք, որտեղ երիտասարդները կունենան հնարավորություն, որպեսզի յուրաքանչյուր ոլորտում հասնեն հաջողության»,- իր խոսքում նշեց Մոսոյանը` հավելելով, որ Նինոծմինդայում տարեցների առօրյան ուղեկցվելու է ավելի քիչ դժվարություններով և մարդիկ աշխատելու համար ստիպված չեն լինելու մեկնել արտերկիր կամ Վրաստանի այլ քաղաքներ:

Վրաստանում ՏԻՄ ընտրությունները տեղի կունենան 2021 թվականի հոկտեմբերի 2-ին: