Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԵՊԲՀ-Նարեկ Մեսրոպյանի հիշատակի միջոցառում
A A
Պաշտոնական

Նա չընկավ, այլ միացավ անմահների շարքին. հուշ-երեկո՝ ի հիշատակ ռազմական բժիշկ Նարեկ Մեսրոպյանի

Հուշ-ցերեկույթ՝ կոչումով ռազմական բժիշկ, հոգու նվիրական անկյունում արվեստագետ Նարեկ Մեսրոպյանի ծննդյան օրվա առիթով Ռազմական բժիշկ Նարեկ Մեսրոպյանի ծննդյան օրվա առիթով այսօր Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտում անցկացվեց հուշ-ցերեկույթ: Այս մասին տեղեկացնում են Երևանի պետական բժշկական համալսարանից:

Հիշատակի միջոցառմանը ներկա էր ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, Ռազմաբժշկական ֆակուլտետի ղեկավարությունը, հարազատներ, ընկերներ:

Կենդանի պահելով պատերազմի ժամանակ անմահացած հերոսի հիշատակը՝ Արցախի «Մռակած» պետական կամերային երգչախմբի ընկերները երգի և երաժշտության միջոցով փոխանցեցին այն սերն ու ջերմությունը, որն ապրած կարճ կյանքի ընթացքում ստացել են ընտրած մասնագիտությամբ և կոչումով բժիշկ, հոգու նվիրական անկյունում արվեստագետ Նարեկ Մեսրոպյանից: Մեղեդին նրա հավերժ ուղեկիցն էր: Դեռ փոքր տարիքից Նարեկը Ստեփանակերտի Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի մանկական երգչախմբի սաներից էր:

Ապա շարունակել է երգել այդ երգչախմբի հիմքի վրա ստեղծված «Մռակած» պետական կամերային երգչախմբում: Տեսաֆիլմով ներկայացվեց ռազմական բժշկի անցած շատ կարճ, բայց մեծ ճանապարհը: Նարեկ Մեսրոպյանը ծնվել է 1989 թվականի սեպտեմբերի 11-ին, Ստեփանակերտում: Հետաքրքրությունների բազմազանությունը նրա ուղեկիցն էր կյանքի առաջին տարիներից: Թեմաների ընտրության հարցում չէր տատանվում՝ հայրենիք, ընտանիք, մայր:

Մանկուց է ձգտել բարձրունքների, դրանցից ամենակարևորը բժիշկ դառնալու երազանքն էր, ինչը սակայն նրան չի սահմանափակել և խանգարել փայլել այլ՝ բժշկության հետ կապ չունեցող ոլորտներում: Զինվորականի և արվեստագետի ընտանիքի զավակը նվագում էր, երգում, խաղում թատրոնում, աչքի էր ընկնում դպրոցական օլիմպիադաներում: Տարբեր ոլորտներում ունեցած ակնհայտ հաջողությունները Նարեկին չեն հեռացնում իր գլխավոր՝ բժիշկ դառնալու նպատակից:

2006 թվականի նա ընդունվում է ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետ: 2013-2014 թվականներին սովորում է ինտերնատուրայում: Ուսումնառության տարիներին նրան շնորհվում է բուժծառայության լեյտենատի կոչում: Ուսումն ավարտելուց հետո համալրում է հայրենիքի պաշտպանների շարքերը: 2016 թվականին Նարեկ Մեսրոպյանը մասնակցել է Ապրիլյան պատերազմին՝ արժանանալով «Արիության» մեդալի:

2017 թվականի արդյունքների ամփոփման ժամանակ ճանաչվել է տարվա լավագույն բուժծառայության պետ: Ռազմական բժիշկը 2018 թվականի ընդունվում է ԵՊԲՀ կլինիկական օրդինատուրա, որն անցնում էր «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում:

2020 թվականին Նարեկ Մեսրոպյանն արդեն բուժծառայության մայոր էր: Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հենց առաջին օրը շատապում է Արցախ, նշանակվում զարամասի բուժծառայության պետի պաշտոնում: Նա ճակատում կռվում է այնպես, ինչպես ապրել է կյանքում՝ անմնացորդ:

Հոկտեմբերի 11- ին, վիրավորներին օգնության հասնելու ճանապարհին բժիշկը ծանր վիրավորում է ստանում: Ութ օր շարունակ բժիշկները պայքար են մղում հայրենքի նվիրյալի կյանքը փրկելու համար, սակայն հոկտեմբերի 19-ն Նարեկը բռնում է անմահության ուղին:

Կիսատ մնաց բժշկի, զինվորականի և արվեստագետի ճանապարհը, որի սկիզբն այդքան խոստումնալից էր: «Մարշալ Բաղրամյան», «Արիության», «Անբասիր ծառայության համար 1-ին աստիճանի» մեդալ, հետմահու՝ «Մարտական խաչ 2-ին աստիճանի» շքանշան. այս ամենից զատ Նարեկն արժանացել է սերունդների մեջ հավերժ մնալու փառքին:

Իսկ հայրենիքին նվիրած զավակները նրա գլխավոր առաքելությունն էր այս կյանքում: Նարեկը մանկուց երազել է ոչ միայն բժիշկ դառնալու, այլև խաղաղության մասին: Նա չընկավ, այլ միացավ անմահների շարքին՝ հանուն ազատության, հանուն խաղաղության, հանուն իր զավակների արժանապատվության:

Հուշ-ցերեկույթն ավարտվեց ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանի՝ Նարեկ Մեսրոպյանին և 44- օրյա պատերազմի ժամանակ անմահացած հերոսների հիշատակին նվիրված «Դու կաս, տղաս» երգով: Նարեկ Մեսրոպյանին նվիրված հիշատակի օրը միջոցառման մասնակիցներն ամփոփեցին բոլոր հերոսների հավաքատեղին համարվող «Եռաբլուր» զինվորական պանթեոնում: