Բացել լրահոսը Փակել լրահոսը
5
A A
Քաղաքականություն

Կիպրոսը կարող է ապավինել Հայաստանի անվերապահ աջակցությանն իր պայքարում․Աժ նախագահ

Հայաստանի եւ Կիպրոսի օրենսդիր մարմինների միջեւ հարաբերությունները վերջին տարիներին երկկողմ ջանքերի շնորհիվ որակապես նոր՝ առավել գործուն մակարդակի վրա են բարձրացվել: Ալեն Սիմոնյանն ասել է Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուին Վիեննայում կայացախ հանդիպմանը։

Նա գործընկերոջը վստահեցրեց, որ Հայաստան-Կիպրոս համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի վերաձեւավորումից հետո առավելագույն ջանքեր կուղղվեն՝ ծավալելու դինամիկ եւ արդյունավետ համագործակցություն երկու հանձնաժողովների միջեւ:

Անդրադառնալով Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ձեւաչափում Կիպրոսի հետ փոխգործակցության առաջնահերթությանը՝ Ալեն Սիմոնյանը կարեւորել է  ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք եւ արդյունավետ կիրարկումը:

Քննարկմանը կողմերն անդրադարձել են  Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիային: ԱԺ նախագահը երախտագիտություն հայտնեց բարեկամ Կիպրոսին սկզբունքային դիրքորոշման եւ Արցախի ժողովրդին աջակցության համար՝ մասնավորապես շեշտելով Կիպրոսի կառավարության կողմից ադրբեջանական ագրեսիայից տուժած արցախահայությանը տրամադրվող մարդասիրական օժանդակությունը:

Գործընկերները զրույց ծավալեցին նաեւ Կիպրոսի հիմնահարցի եւ Թուրքիայի կողմից երկխոսությունը խաթարող գործողությունների շուրջ: Այս համատեքստում Ալեն Սիմոնյանը վերահաստատեց Հայաստանի մշտական աջակցության ցուցաբերումը Կիպրոսին միջազգային կազմակերպություններում՝ նշելով բանակցությունների ճանապարհով խնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: Ազգային ժողովի նախագահը փաստեց, որ Կիպրոսը կարող է ապավինել Հայաստանի անվերապահ աջակցությանը իր պայքարում՝ հանուն եղբայրական Կիպրոսի արդարության վերականգնման, հայրենիքի ազատության եւ վերամիավորման:

Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահը եւս կարեւորեց երկու երկրների միջեւ ամրապնդված տարիների սերտ կապերը: Նա երախտագիտություն հայտնեց Կիպրոսի խնդրի վերաբերյալ Հայաստանի ցուցաբերած աջակցության համար՝ շեշտելով, որ Թուրքիայի հետ վեճի լուծումը միայն օրինական ճանապարհով է լինելու:

Նա անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ Կիպրոսի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված բանաձեւերին, որոնցում արձանագրված են Ադրբեջանի կողմից տեղի ունեցած խախտումները եւ Թուրքիայի կողմից անընդունելի անօրինական, գործողությունները: Հանդիպման ավարտին կողմերը փաստեցին երկկողմ, եռակողմ, ինչպես նաեւ բազմակողմանի հարաբերությունների կարեւորությունը եւ փոխադարձ այցերի ակտիվացման անհրաժեշտությունը: