Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արա Պապյան
A A
Քաղաքականություն

Եթե Փաշինյանը ստորագրի, դե յուրե կամրագրվի Հայաստանի պարտությունը․ Արա Պապյան

«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը՝  այսպես կոչված «Խաղաղության պայմանագրի» վերաբերյալ
 
«Ըստ հավաստի աղբյուրների, առաջիկա 2 ամսվա ընթացքում (ամենայն հավանականությամբ սեպտեմբերի վերջին տասնօրյակում) Նիկոլ Փաշինյանը ստորագրելու է, այսպես կոչված, «Խաղաղության պայմանագիր» Ադրբեջանի հետ: Չնայած գրավիչ անվանմանը՝ այս փաստաթղթի բուն նպատակն է վերջին պատերազմում հայոց փաստացի de facto պարտությունն ամրագրել իրավականորեն de jure:
Նախ բացասականի մասին:
Այս փաստաթուղթն ունենալու է բազմաթիվ բացասական հետևանքներ Հայաստանի Հանրապետության (ՀՀ) և ողջ հայության համար: Դրանցից են.
 
1. Պայմանագիրը մեկընդմիշտ, վերջնականապես փակելու է Արցախի հարցը՝ այն դարձնելով զուտ Ադրբեջանի ներքին հարց: Առավելագույնը, որ հայերը կարող են դրանից հետո ակնկալել ինքնորոշման ճանապարհով՝ Ադրբեջանի ԿԱԶՄՈՒՄ ու Բաքվի վերհսկողության տակ կրթամշակութային ինքնորոշումն է:
 
2. Պայմանագիրն ամրագրելու է, որ ՀՀ-ն 27-30 տարի օկուպացրել է Ադրբեջանի տարածքը: Դա լրջագույն հիմքեր կտա Ադրբեջանին միջազգային տարբեր ատյաններում ու դատարաններին հատուցման հայցեր ներկայացնել Հայաստանի դեմ՝ մի քանի տասնյակ միլիարդ դոլարից մինչև մի քանի հարյուր միլիարդ: Առանց այդ փաստաթղթի Ադրբեջանը նախ պիտի ապացուցի ՀՀ պաշտոնական ներգրավվածության հարցը:
 
3. «Խաղաղության պայմանագիրն» ամրագրելու է ՍՍՀՄ վարչական սահմանները որպես պետական սահմաններ, որի հետևանքով ՀՀ-ն կստանա ոչ թե ապաշրջափակում, այլ ավելի խորը շրջափակում, քանի որ Ադրբեջանը վերահսկողություն կստանա Հայաստան-Իրան և Հայաստան-Վրաստան ճանապարհների վրա: Մասնավորապես, Գորիս-Կապան ճանապարհի վրա, Տիգրանաշեն/Քյարքի անկլավում՝ Իրանի պարագային, և Ոսկեպար ու այլ անկլավներում՝ Վրաստանի պարագայում:
 
4. «Խաղաղության պայմանագիրն» ամրագրելու է ՍՍՀՄ վարչական սահմանները որպես պետական սահմաններ, որի հետևանքով կվերահաստատվեն Մոսկվայի և Կարսի պայմանագրերի հետևանքները, քանի որ վարչական սահմանների օրինականացումը թեկուզև մի մասի վրա նշանակում է դրանց օրինական լինելն ամբողջության մեջ: Ըստ այդմ, Հայաստանը զրկվում է հնարավորությունից Թուրքիայի նկատմամբ իր իրավունքները երբևէ բանեցնելու որևէ հնարավորությունից: Հայոց պահանջատիրության հարյուրամյա պայքարը ի չիք է դառնում:
5. Նույն կերպ կասեցվելու է Հայոց ցեղասպանության ճանաչման ողջ պայքարը, քանի որ այն համարվելու է հակասող «բարիդրացիական հարաբերություններին»: Միևնույն ժամանակ այդ ճանաչումներն են իմաստազրկվելու, քանի որ այլևս որևէ հատուցման հնարավորություն չի լինելու:
Այս հարցի առնչությամբ անհրաժեշտ է նաև նկատի ունենալ երեք հանգամանք.
Ա. ըստ Հանրաքվեի մասին ՀՀ սահմանադրական օրենքի (ընդունված է 2018թ․ մարտի 23-ին) տե՛ս՝ հոդված 4, կետ 3՝ «Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը» գտնվում են համապետական հանրաքվեի լիազորությունների շրջանակում: Հետևաբար առանց հանրաքվեի որևէ մեկն իրավասու չէ միանձնյա որոշելու պետության սահմանների հարցը:
Բ. Համաձայն միջազգային պայմանագրերի մասին ՀՀ օրենքի (ընդունված է 2018թ. մարտի 23-ին)՝ կա պայմանագրի ստորագրման հստակ ընթացակարգ: Ցանկացած շեղում այդ ընթացակարգից փաստաթղթի կնքումը դարձնում է անօրինական: Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի կողմից չեն պահպանվում նշյալ օրենքի պահանջները:
Գ. Ադրբեջանական ներկայիս հանրապետությունն իր առաջին իսկ փաստաթղթերից մեկով ՝ КОНСТИТУЦИОННЫЙ АКТ АЗЕРБАЙДЖАНСКОЙ РЕСПУБЛИКИ от 18 октября 1991 года №222-XII О восстановлении государственной независимости Азербайджанской Республики, հրաժարվել է ՍՍՀՄ իրավաքաղաքական ժառանգությունից: Ուստի այն որևէ հիմք չունի հավակնելու ՍՍՀՄ տարիների Ադրբեջանական ՍՍՀ վարչատարածքային միավորի վարչական բաժնարար գծերին որպես միջպետական սահմանների:
Հիմա դրական մասին՝ չկա»։
7 սեպտեմբերի, 2021թ.
ք. Երևան