50-ամյա նվիրում գրքին
89-ամյա Իսկուհի Մինասյանը վստահ է` որքան էլ տեխնիկան կատարելագործվի, գիրքը չի կորցնի իր արժեքը: Հանրապետության 3 վաստակավոր գրադարանավարներից մեկը լինելը նրա բազմամյա աշխատանքի ամենամեծ գնահատականն է:
Կյանքի 89 տարիներից 50-ը Սիսիանցի Իսկուհի Մինասյանը գրադարանում է անցկացրել: աշխատել նախ մանկական, այնուհետեւ շրջանային գրադարաններում՝ գրադարանավարուհուց մինչեւ տնօրեն:
Գրադարանավարուհու աշխատանքը նրա մանկության երազանքն է եղել, հիշում է՝ հաճախ էր հայրենի Ախլաթյան գյուղի գրադարան գնում, հետեւում գրադարանավարի աշխատանքներին, նաեւ ակտիվ ընթերցող է եղել, միշտ գովել են, խրախուսել:
Գրադարանում հաճախակի էին միջոցառումներ կազամակերպում, ակտիվ համագործակցում էին ընթերցողների հետ: Նա նաեւ գոհ է իր ղեկավարած կոլետիվի անդամներից, բազմիցս են նրանց կատարած աշխատանքներն այս կամ այն թերթի էջերում տեղ գտել:
Սկզբում երբ գրադարանը նոր էր գործում, ընթերցողի խիստ պակաս էր նկատվում, ասում է տիկին Իսկուհին: 1953թ.-ին գրադարանում բռնկված հրդեհը ոչնչացրեց 22.000 կտոր գրականություն, գրադարանային ֆոնդը համալրելու խնդիր կար: Դա հնարավոր եղավ նվիրատվությունների շնորհիվ եւ Մշակույթի նախարարության անմիջական աջակցությամբ: Կարճ ժամանակում գրադարանն արդեն ուներ ավելի քան 27.000 կտոր գրականություն:
Կենսաթոշակի անցնելուց հետո եւս Իսկուհի Մինասյանը տանը չնստեց, հիմնեց Հայրենական մեծ պատերազմի մասնակից սիսիանցիների թանգարան: 6 հաստափոր գրքում հավաքեց 105 մասնակիցների հուշերը պատերազմի դաշտից։ Դրանք հիմա պահվում Սիսիանի պատմություն թանգարանում: Պատերազմի մասնակիցներից շատերն արդեն չկան, սակայն նրանց հուշերը մնում են, հպարտանում է Իսկուհի տատը:
Արմեն Հովակիմյան
Սիսիան