Հեքիաթների ժողովածուներ` ժամանակակից երանգներով
«Նարեկացի» Արվեստի միությունում Արեւիկ Գրիգորյանի եւ Ալիս Մալոյանի նկարների ցուցահանդեսն էր:
Երկու երիտասարդ հեղինակների աշխատանքները թեեւ ընդհանուր գծեր ունեն, սակայն թեմատիկան բոլորովին տարբեր է:
Չինական հեքիաթների հայերեն թարգմանված գրքի՝ Արեւիկ Գրիգորյանի ձեւավորումը, որպես առանձին գրաֆիկական աշխատանք, ավելի շուտ ներկայացվեց հայ ընթերցողին, քան բուն գիրքը: Եթե Արեւիկ Գրիգորյանն իր աշխատանքներում որպես թեմա վերցրել է չինական հեքիաթների մոտիվները, ապա Ալիս Մալոյանին ավելի հետաքրքրել են թումանյանական հեքիաթների հերոսները եւ ոչ միայն դրանք:
«Իմ ներկայացրած 4 շարքերից երկուսը թումանյանական են: Ընտրել եմ «Շունն ու կատուն» եւ «Մի կաթիլ մեղրը» հեքիաթները եւ պատկերապատել`ամբողջովին, այսպես ասած, արդիականացված ձեւով»,-ասում է արվեստագետ Ալիս Մալոյանը: Նրա խոսքերով`«Շունն ու կատուն» ներկայացված են ավելի ժամանակակից, իր իսկ խոսքերով՝ «մաֆիոզական» տարբերակով: «Այն սուր ռեալիստական է, իսկ ինչ վերաբերվում է «Մի կաթիլ մեղր» հեքիաթի մոտիվներով նկարազարդումներին, ապա այդ հեքիաթն ընտրել եմ ավելի շատ իր աբսուրդ սյուժեի համար, եւ այդ պատճառով իմ նկարազարդումներում որպես հերոսներ օգտագործել եմ այլմոլորակայինների»,-շարունակում է նա:
Նկարչին, սակայն, ավելի շատ դուր է եկել իր՝ հին քաղաքի տրամադրության մասին պատմող նկարների շարքը: «Ես այդ նկարներում ներկայացրել եմ իմ քաղաքն այնպիսին, ինչպիսին կցանկանայի տեսնել` արդի ու մի փոքր էլ առասպելական»,-ասում է նա:
Նկարները ցուցադրության կլինեն մինչեւ հոկտեմբերի 16-ը: