Առողջապահության նախարարի տեղակալը հրաժարական է ներկայացրել
Աջակցիր «Ա1+»-ինԱռողջապահության նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է հրաժարականի մասին․ «Այսօրվանից դադարեցնում եմ աշխատանքս որպես առողջապահության նախարարի տեղակալ: Պետական համակարգում շուրջ 10 տարի տևող ծառայությունս շարունակելու եմ այլ ոլորտում:
Առողջապահության ոլորտում շուրջ 3 տարի տարբեր օղակներում աշխատելու ընթացքում առաջնորդվել եմ Մարդու բարձրագույն արժեք լինելու սահմանադրական դասակարգմամբ, առողջության պահպանման և կյանքի անսակարկելի իրավունքների գերակայությամբ:
Ելնելով վերոնշյալից՝ ծառայությանս ընթացքում ղեկավարվել եմ մարդասիրության, արդարության և ազնվության սկզբունքներով, փորձել եմ առավելագույնս իրացնել նախարարության կանոնադրական նպատակները՝ ուղղված մարդու և հանրության առողջության պահպանմանը, բժշկական օգնության հասանելիության և մատչելիության ապահովմանը:
Նախարար Անահիտ Ավանեսյանին և նախարարության ղեկավար անձնակազմին մաղթում եմ բազում հաջողություններ պաշտոնավարման ընթացքում և հայտնում եմ պատրաստակամությունս աջակցել ձեր կողմից վարվող մարդակենտրոն առաքելությանը, որտեղ էլ կգտնվեմ»: