Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Կարող էի լինել ոսկե մեդալակիր, սակայն մեզ մոտ մեկ միլիմետրն անգամ որոշիչ է. Արթուր Դավթյան

Տոկիո -2020 օլիմպիական խաղերն  արդեն պատմություն են, իսկ Հայաստանին բրոնզե մեդալ բերած Արթուր Դավթյանը հիշում է՝  ինչպես է մարմնամարզության առաջին պարապմունքներին  լացելով  գնացել։ Ինքը ֆուտբոլի էր ուզում գնալ։

«Ծնողներս որոշեցին, որ պետք է զբաղվեմ մարմնամարզությամբ, որովհետեւ շատ ճկուն էի: Սկզբում լաց լինելով էի գնում, չէի ուզում: Հետագայում հասկացա, որ ծնողներս ճիշտ որոշում էին կայացրել, որի շնորհիվ հիմա ունեմ այն, ինչ ունեմ»,- պատմում է  անկախացումից ի վեր այս մարզաձևում Հայաստանին առաջին օլիմպիական մեդալը բերած մարզիկը։

 Ասում է՝  պատասխանատվությունը ավելի շատ էր այս անգամ, սրանք նրա երրորդ օլիմպիական խաղերն էին:

« Դժվար էր, պահն արդեն հասունացել էր, համավարակով պայմանավորված մեկ տարի էլ հետաձգվեց, որն իրականում իմ օգտին էր, որովհետեւ ունեի վնասվածք, այդ ընթացքում կարողացա կազդուրվել ու, որքան հնարավոր է, լավ պատրաստվել: Սպասելիքների մասով՝ կարծում էի, որ կարող եմ մեդալ նվաճել, իսկ իրականութունը ցույց տվեց, որ կարող էի լինել նաեւ ոսկե մեդալակիր, սակայն մեզ մոտ մեկ միլիմետրն անգամ որոշիչ է: Մեր բրոնզե մեդալը հավասար է ոսկու,- ասում է նա։- Խաղերի ժամանակ մարզչիս հետ քիչ էինք խոսում, ոչ ուղիղ կոնտակտով, այլ ընկեր Հայկի միջոցով, որպեսզի ավելորդ լարվածություն չլինի ու կենտրոնանանք գործի վրա: Մեդալ նվաճելն ու ունենալն էլ ինձ համար մոտիվացիա է, որպեսզի աշխատեմ ու ունենամ այն, մանավանդ, երբ մոտիկից տեսնում ես մեդալի գեղեցկությունը, ավելի ես ոգեւորվում»:

Արթուրն ասում է, որ եթե չլիներ  մարմնամարզիկ, կդառնար ֆուտբոլիստ: Հեռուստատեսությամբ էլ, ի զարմանս, ֆուտբոլային մրցաշարեր չի դիտում, նախընտրում է խաղալը: Սիրելի ֆուտոբլային ակումբ չունի,  սիրելի ֆուտբոլիստներից են՝ Մեսսին, Ռոնալդինիոն:

29-ամյա  մարզիկն էլ,  կինն էլ՝ փոքրիկի հետ՝ արդեն հարմարվել են Արթուրի երկարաժամկետ բացակայություններին։ Արթուրի խոսքով՝ դա իր աշխատանքն է եւ, որքան էլ դժվար լինի, պետք է ընդունել ու հարմարվել:

Հիշեցնենք՝ Արթուր Դավթյանը  2008 թվականից մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ է, Եվրոպայի պատանեկան առաջնության (2010) չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն (2021), աշխարհի գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր, 2012 և 2016 թվականների Օլիմպիական խաղերի մասնակից,  2020 թվականի Տոկիոյի օլիմպիական խաղերի  բրոնզե մեդալակիր։