Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

Ինչպես գերմանացիները սովորեցին հայերեն երգեր՝ հատուկ Հայաստանում կատարելու համար (տեսանյութ)

Հայկական երաժշտությունը  հնչում է Գեղարդի պատերի ներսում՝   30 գերմանացի  տղամարդկանց կատարմամբ։ Թյուրինգիայի արական «Արս Մուզիկա» երգչախմբի հայաստանյան շրջագայության կանգառներից մեկն է Գեղարդը, որտեղ ներկայացվում է ինչպես հոգեւոր երաժշտություն, այնպես էլ գերմանական դասական ժողովրդական երգեր։

Դիրիժոր եւ երգչախմբի գեղարվեստական ղեկավար Մայք Գրուխենբերգը չի թաքցնում՝ տպավորված է․ «Ես այստեղ զգացի, որտեղ են թաքնված քրիստոնեության արմատները»։ Սա նրա, ինչպես նաեւ երգչախմբի  առաջին այցն է Հայաստան։ 

«Արս Մուզիկայի» պրոֆեսիոնալ երգիչներն ապրում են Գերմանիայի ու Եվրոպայի տարբեր բնակավայրերում եւ ամիսը մեկ անգամ հավաքվում են հայրենի Զուլ քաղաքում՝ փորձեր անելու նպատակով։  Գեղարվեստական ղեկավարն հիշում է՝ ինչ դժվար էր  լոքդաունի օրերին օնլայն փորձերն անելը։ 

Հայաստանյան շրջագայությունը սահմանափակումներից  հետո առաջինն է խմբի համար։ Երգչախմբի նախագահ Թորթստեն Վայսն ասում է՝  հունվարին արդեն ինքնաթիռի տոմսերը գնել էին, պատվաստվել, որ հայ ունկնդիրների համար վտանգ չներկայացնեն։

Պատրաստությունն այսքանով չի ավարտվել։ Հայկական ստեղծագործությունները սովորել են հատուկ այս շրջագայության համար։Մայք Գրուխենբերգը պատմում է՝ սկզբում սովորել են հայերեն բառերի արտասանությունը, հետո գնացել Գերմանիայում Հայաստանի դեսպանատուն, որտեղ լսել են նրանց եւ սխալները ուղղել։

Այս երգչախմբի անդամներից շատերը 33  տարի առաջ դեռ պատանի  էին, երբ հանդես եկան սուրբծննդյան բարեգործական համերգով՝ օգնելու Սպիտակի երկրաշարժից տուժած հայ ժողովրդին։

 Թորսթեն Վայսը մասնակցել է այդ համերգին։ Նա հուզմունքով հիշում է՝ ինչպես Զուլի Մայր Տաճարում հավաքվեց 12000 մարկ եւ ուղարկվեց Հայաստան։  Ավելորդ չէ ասել, որ այն ժամանակ դեռեւս տեղի չէր ունեցել երկու Գերմանիաների միավորումը։

Զուլը Գերմանիայի դեմոկրատական հանրապետության կազմում էր , իսկ քաղաքային երգչախմբին արգելված էր երգել եկեղեցիում։ Հակառակ արգելքին՝ համերգը կազմակերպվում է ,որից հետո  երգչախմբի ղեկավար Հուբերտ Ֆոյգտը ենթարկվում է կարգապահական պատասխանատվության։

Սա  միակ բարեգործական ծրագիրը չէ,որն իրականացվել է Հայաստանի համար։ Նրանք օգնել են Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի միջնակարգ դպրոցին։  Այս շրջագայություն էլ մեկնարկել է Հալլեի տաճարում համերգով, որի  հասույթով տավիղ են  գնել ԵՊԿ Գյումրիի մասնաճյուղի համար։

  «Մտածեցինք՝ օգնում ենք հեռվից, ինչու չգնանք եւ երգենք  հայ ժողովրդի համար, որ հասկանան մենակ չեն, որ իրենց կողքին այլ մարդիկ էլ են կանգնած,- ասում է Թորթստեն Վայսը՝ պատահական չհամարելով իրենց շրջագայության կազմակերպումը հենց այս օրերին։  Ըստ նրա՝  միայն դիվանգիտական մակարդակով չի ցուցադրվում բարեկամությունը, այլ նաեւ՝ նման միջոցառումներով։

«Արս Մուզիկայի» հայաստանյան շրջագայությունը շարունակվելու է մինչեւ  օգոստոսի 28-ը։ 

Եթե ուզում եք ներկա լինել համերգներից որեւէ մեկին, հիշեք այս օրերը՝ 

 
 
? օգոստոսի 21-ին, ժամը 19:00-ին՝ Կոմիտասի թանգարանում, Երևան,
? օգոստոսի 22-ին, ժամը 17:00-ին՝ Սև բերդում, Գյումրի,
? օգոստոսի 25-ին, ժամը 17:00-ին՝ Սևանավանք:
Մուտքն ազատ է։