Բացել լրահոսը Փակել լրահոսը
Սիլվա Ադամյան
A A
Հասարակություն

Կառավարությունը նախընտրեց Սևանը դարձնել կեղտոտ ջրամբար, ոչ թե հրաշալի լիճ․ բնապահպան

Կառավարությունը մշտապես որպես Սևանա լճից ջրառի հիմնավորում ներկայացնում է Արարատյան դաշտում առկա ոռոգման խնդիրը, սակայն չնայած ջրի բացթողումներին, մարզում ամեն տարի առկա են ոռոգման խնդիրներ՝ գյուղերում ոռոգման ջուր չկա։ «Ա1+»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Թռչնասերների կենտրոն» ՀԿ նախագահ, բնապահպան Սիլվա Ադամյանը։

Նա հարց հնչեցրեց՝ եթե մարդկանց չի հասնում այդ ջուրը, ապա ո՞ւր է գնում։ Թեման հատկապես արդիական էր երեկ Ազգային ժողովի ընդունած օրինագծից հետո, որով 2021թ․ ոռոգման շրջանի համար Սևանա լճից ջրի բացթողնման առավելագույն քանակը սահմանվեց 245 մլն մետր խորանարդ, նախկին 170 մլն-ի փոխարեն։

«2017թ․ մենք փորձեցինք մոնիթորինգ անել մի քանի գյուղերում ու պարզեցինք, որ ոչինչ չի փոխվել։ Մարդիկ Արմավիրի մարզում իրենց սոխի պարկերով ճանապարհ էին փակել՝ ցույց տալով նաև, թե ինչպես է բերքը փչանում։ Հիմա պատմությունը կրկնվում է», - ասաց Սիլվա Ադամյանը։

Ջուրը գնում է նաև էներգետիկ պահանջների համար՝ դեպի Սևան-Հրազդան կասկադ, նշեց նա, ու ջրի մեծ մասը օգտագործվում է հենց այդ նպատակով։ Տարիներ առաջ իրենք մոնիթորինգ են արել նաև հասկանալու համար, թե Սևան-Հրազդան կասկադը ինչ ջրային ռեսուրսներով է աշխատում․ «Այն մասնագետները, որ մեզ հետ աշխատում էին, ապացուցեցին, որ այդ ջուրը Սևանից դուրս եկող ջուրն է։ Քանի որ հիմա Ատոմակայանի աշխատանքը կանգնեցված է վերազինման պատճառաբանությամբ, կա էլեկտրաէներգիայի խնդիր, կարծում եմ՝ ավելի շատ դա է պատճառը, որ մեր պետական այրերը փորձում են նախկին կառավարության ծրագրերն իրականացնել՝ ավելի շատ ջուր բաց թողնելով»։

Ջուր բաց թողնելու որոշումից առաջ, բնապահպանի խոսքով, մի շարք գիտնականներ դիմել էին Կառավարությանը՝ հարց ուղղելով․ «Հարգելի՛ Կառավարություն, դուք ուզո՞ւմ եք ունենալ հրաշալի Սևան ազգային պարկ՝ իր ամբողջ էկոհամակարգով, թե՞ ուզում եք ունենալ կեղտոտ մի ջրամբար, որտեղից որակազրկված ջուրը կնախատեսվի միայն ձեր նշած կարիքների համար»։ Կառավարությունում էլ, Սիլվա Ադամյանի խոսքով, փաստորեն կողմնորոշվեցին՝ մեզ Սևանա լիճ պետք չէ, այլ պետք է ջրամբար։

Նա նշեց՝ ջուրը բաց են թողնում և վերջ, սակայն լճի կողքին կանգնելիս տիղմի հոտ է գալիս, ծաղկման գործընթաց է գնում, գիտնականներն ահազանգում են, որ լիճը կարգի է պետք բերել՝ բացի ջրի մակարդակի բարձրացումից․ «Մենք կորցնում ենք լիճը, արդեն վերջնակետին ենք հասել։ Սրան նպաստում են նաև կլիմայական փոփոխությունները։ Երբ բնապահպաններն ահազանգում էին, նրանց ասում էին՝ դուք կոնկրետ ոլորտի՝ ջրի մասնագետ չեք, մի խոսեք, բայց այդպես չի։ Մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում»։

Սիլվա Ադամյանի խոսքով՝ Սևանում առկա խնդիրներն առանց այդ էլ շատ են, ու այս նախագծից հետո, ծաղկման գործընթացներին զուգահեռ, վիճակը ծայրահեղ է դառնալու։