Սահմանում տիրող իրավիճակի մասին իմանալու համար «Հայաստան» դաշինքն առաջարկում է քննարկում կազմակերպել (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Հայաստան» դաշինքի պատգամավոր Սեյրան Օհանյանը Այսօր ԱԺ նիստի սկզբում իրենց դաշինքի անունից առաջարկեց երկու ընթերցումների միջև ազատ ժամանակահատվածն օգտագործել ՀՀ սահմանում տիրող իրավիճակի մասին քննարկման համար։
«Փակ, գաղտնի, բաց, ինչպես կորոշեք Դուք, քննարկում կազմակերպել՝ հաշվի առնելով սահմանից եկող իրարամերժ տեղեկությունները։ Նախ մենք իմանանք իրավիճակը և փարատենք մեր ժողովրդի մտահոգությունները», - ասաց Սեյրան Օհանյանը։
«Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանն էլ ասաց, որ մեր գերատեսչությունները չեն մեկնաբանում Աֆղանստանում տեղակայված հայ խաղաղապահների վիճակը՝ հաշվի առնելով այնտեղ կատարվող իրադարձությունները։ Նա դիմեց ԱԺ նախագահությանը, որպեսզի նրանք միջոցներ ձեռնարկեն ու հայ խաղաղապահների վերաբերյալ մեկնաբանություն ու բացատրություն տան։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց Գեղամ Մանուկյանի մտահոգությանն ու նշեց, որ հայ խաղաղապահները Աֆղանստանից դուրս են եկել մարտ ամսվա սկզբին և այդ մասին եղել է պաշտոնական հայտարարություն։
Նշենք, որ ԱԺ արտահերթ նիստում քննարկվող հարցը Սևանի լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան և համալիր ծրագրերը հաստատելու և լուծումներ կատարելու մասին օրենքի նախագիծն է։