Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Երբ փողոց ես դուրս գալիս, խաղի կանոնները փոխվում են. սկսնակ վարորդները՝ Երևանի երթևեկության մասին (տեսանյութ)

Երևանյան երթևեկությունը  շփոթեցնում է անգամ փորձառու վարորդներին։ Սկսնակ վարորդների վիճակը՝ դե պատկերացրեք։

Լիանան ընդամենը  երկու ամիս է՝  մեքենա է վարում․ սեփական օրինակով պատմում է՝ ինչ դժվարությունների է հանդիպում սկսնակ վարորդը Երևանում․

«Առաջնային խնդիրն ինձ համար ճանապարհային նշաններն են, գծանշումները, որոնք երբեմն բացակայում են, երբեմն կրկնակի գծանշումներն են, որոնք խանգարում են, իսկ սկսնակ վարորդի համար կարեւոր է, որ ինքը հասկանա և իր գծով վարի», - ասում է նա։

Տարբեր խաչմերուկներում լուսացույցերը տարբեր հատվածներում են, ինչը երբեմն խանգարում է արագ կողմնորոշվելուն։ Լիանան ասում է՝ կան նաև ծառերի հետևում թաքնված ճանապարհային նշաններ, որոնք նկատելու համար մի քանի անգամ ավելի ուշադիր պետք է լինես։

Անժելան, որ  եւս երկու ամսվա վարորդ է,  նույն խնդիրների մասին է խոսում։

Անժելան ասում է՝ սկսնակ վարորդների հանդեպ փորձառուները միշտ չէ, որ համբերատար են, թեև կան միշտ զիջող ու օգնող վարորդներ․

«Կան նաեւ անհամբեր վարորդներ, որոնք, անկախ նրանից, դու սկսնակ ես, թե ոչ, միշտ շտապում են, միշտ շատ ազդանշան են տալիս, հաճախ հարկի-անհարկի գիծ են փոխում ու վթարային իրավիճակներ են առաջացնում։ Երբ անհարկի են ազդանշան տալիս ու դու գիտես, որ կանոններով ես երթեւեկում, այդ ազդանշանները, իհարկե, շեղում են ու խանգարում», - ասում է Անժելան։

Երկու սկսնակ վարորդներն էլ նշում են, որ որոշ դեպքերում իրենց սովորածն ու իրական երթևեկությունը տարբերվում են․

«Մեզ հիմնականում սովորեցնում են վարել ճիշտ, կանոններով, իսկ երբ մտնում ես փողոց, խաղի կանոնները փոխվում են, որովհետեւ դու հաշվարկում ես, որ քո դիմաց գալու ժամանակ մեքենան պետք է թարթիչ միացնի, բայց մեքենան չի միացնում կամ այլ խախտումներ է անում ու դու հոգեբանորեն մի փոքր պատրաստ չես դրան», - ասում է Լիանան։

Արդեն սեփական փորձով թե՛ Լիանան, թե՛ Անժելան սկսնակ վարորդներին խորհուրդ են տալիս ինքնավստահ լինել, իսկ բոլոր վարորդներին՝ ուշադիր, համբերատար ու պատասխանատու՝ երթևեկության յուրաքանչյուր անդամի կյանքի համար։