Բացել լրահոսը Փակել լրահոսը
2 (11)
A A
Քաղաքականություն

Գնել Սանոսյանը ընդունել է «ՏՐԱՍԵԿԱ» Միջկառավարական հանձնաժողովի գլխավոր քարտուղարին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանում աշխատանքային այցով գտնվող «ՏՐԱՍԵԿԱ» (Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային տրանսպորտային միջանցք) Միջկառավարական հանձնաժողովի գլխավոր քարտուղար Ասեթ Ասավբաևին։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ, «ՏՐԱՍԵԿԱ» Միջկառավարական հանձնաժողովի Մշտական քարտուղարությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ (ազգային քարտուղար) Արմեն Սիմոնյանը։

Ողջունելով հյուրին՝ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը համոզմունք է հայտնել, որ «ՏՐԱՍԵԿԱ» ծրագրի շրջանակներում առկա են տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցության հետագա զարգացման լավ հնարավորություններ և ընդգծել է դրանք իրացնելու գարծում Հայաստանի պատրաստակամությունը։ «ՏՐԱՍԵԿԱ»-ի գլխավոր քարտուղար Ասեթ Ասավբաևը, շնորհավորելով Գնել Սանոսյանին ՀՀ ՏԿԵ նախարարի պաշտոնը ստանձնելու առիթով, ներկայացրել է Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային տրանսպորտային միջանցքի ծրագրի առաջնահերթություններն ու ընթացիկ և նախատեսվող ծրագրերը։

Ասեթ Ասավբաևը մասնավորապես անդրադարձել է «ՏՐԱՍԵԿԱ»-ին անդամակցող երկրներում տարանցիկ բեռնափոխադրումների կազմակերպման թվայնացված համալիր հարթակի և միասնական տարանցիկ թույլտվությունների համակարգի ներդրման, մի շարք տեխնիկական ստանդարտների միասնականացման, սահմանահատումների ընթացակարգերի պարզեցման նախաձեռնություններին, որոնք միտված են փոխադրումների գործընթացի դյուրացմանը և ինքնարժեքի նվազեցմանը, ինչպես նաև միջանցքի ծրագրի ընդհանուր արդյունավետության և գրավչության մեծացմանը։ Կառույցի ղեկավարը ներկայացրել է նաև «ՏՐԱՍԵԿԱ» ծրագրի և Եվրոպական միության համագործակցության շրջանակում իրականացված ներդրումային և ինստիտուցիոնալ ու տեխնիկական աջակցության ծրագրերը։

Հանդիպման ընթացքում ՀՀ ՏԿԵ նախարարը և «ՏՐԱՍԵԿԱ» ՄԿՀ գլխավոր քարտուղարը քննարկել են Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային տրանսպորտային միջանցքի ծրագրի շրջանակներում Հայաստանի և տարածաշրջանային երկրների, այդ թվում նաև Կենտրոնական Ասիայի երկրների միջև տրանսպորտային հաղորդակցության զարգացման համատեքստում տարածաշրջանային տնտեսական համագործակցության խորացման հնարավորությունները։

Հայաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում կայացել է նաև «ՏՐԱՍԵԿԱ» ծրագրի Միջկառավարական հանձնաժողովի գլխավոր քարտուղար Ասեթ Ասավբաևը հանդիպել է նաև ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ, «ՏՐԱՍԵԿԱ» Միջկառավարական հանձնաժողովի Մշտական քարտուղարությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ (ազգային քարտուղար) Արմեն Սիմոնյանի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են «ՏՐԱՍԵԿԱ» ծրագրի շրջանակներում կառույցի և Հայաստանի՝ որպես դրա անդամ երկրի համագործակցության հետագա ընդլայնմանը, «ՏՐԱՍԵԿԱ»-ի զարգացման նախաձեռնություններին Հայաստանի մասնակցությանն առնչվող հարցեր։ Արմեն Սիմոնյանը անդրադարձել է նաև մի կողմից «ՏՐԱՍԵԿԱ»-ի երկրների ու Հայաստանի, մյուս կողմից՝ Հայաստանի և ԵԱՏՄ անդամ մյուս երկրների միջև տարանցիկ բեռնափոխադրումների կազմակերպման որոշ ընթացակարգերի և մեխանիզմների համադրման հնարավորության հարցերին։

Ասեթ Ասավբաևը բարձր է գնահատել Արմեն Սիմոնյանի ջանքերը և ներդրումը «ՏՐԱՍԵԿԱ»-ի նախաձեռնությունների շրջանակներում Հայաստանի արդյունավետ մասնակցության գործում։ Արմեն Սիմոնյանը, իր հերթին, շնորհակալություն է հայտնել Ասեթ Ասավբաևին կառույցի ղեկավարումը ստանձնելուց ի վեր Հայաստանի և «ՏՐԱՍԵԿԱ»-ի փոխգործակցության հարցերում կառուցողական և պատրաստակամ մոտեցման համար։