Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Չսխալվեք ու մտածեք մարսել եք ու նոր զիջումների գնաք․ էդ ժամանակ իրական ցասումը կտեսնեք․ Սաղաթելյան (տեսանյութ)

Բնական է, որ պետաիրավական հարցերի ու երկրի պաշտպանության ու անվտանգության հարցերի ԱԺ հանձնաժողովների ստեղծման ուղղությամբ երկար քննարկումներ են տեղի ունենում։ Այս կարծիքը ելույթում հայտնեց ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։

Նրա խոսքով՝ այն գործադիր իշխանությունը, որ շրջափակել է ՀՀ Սահմանադրական դատարանը, այն ԱԺ-ն, որի պատգամավորներն իրենց  կուսակցության ղեկավարի հրահանգով կազմակերպել են դատարանների շրջափակումը, այդ քաղաքական մեծամասնությունն իրավունք չունի խոսելու արդարադատության համակարգից ու դրա բարեփոխումներից։  

«Հայտարարեցիք վեթթինգ, ասացիք՝ արդարադատության համակարգից հեռացնում ենք կոռումպացված դատավորներին, պարզվեց՝ վերադարձնում եք կոռումպացված դատավորներին, նույնիսկ այն դատավորներին, որ ձեր ասաց՝ կոռումպացված նախկին իշխանությունը հեռացրել էր դատական համակարգից», - ասաց Իշխան Սաղաթելյանը։  

Այդ բարեփոխումների տակ, նրա խոսքով, ցանկանում են Հայաստանում հաստատել մեկ մարդու իշխանություն կամ բռնապետություն։

«Ամենամեծ դժբախտությունն այն է, որ դուք այսքանից հետո, պատերազմից հետո դասեր չեք քաղում, դուք դեռ չեք գիտակցում՝ մեր երկիրն ինչ վիճակի եք հասցրել, մեր ժողովրդին ինչ դժբախտություն եք բերել։ Խնդիրն այն է, որ դուք այդպես էլ իշխանություն չդարձաք, դուք ձեզ շարունակում եք պահել ընդդիմության պես», - ասաց Սաղաթելյանը։

Մեկ շաբաթ է, նրա խոսքով, հարց են տալիս իշխանությանը՝ ինչ են բանակցում, ում հետ և ինչի մասին են բանակցում, պատասխանում են՝ հանգիստ եղեք, ժողովրդի թիկունքում փաստաթուղթ չենք ստորագրի․ «Դուք արդեն ժողովրդի թիկունքում մեկ անգամ ողբերգական փաստաթուղթ ընդունել եք։ Պարոն Քոչարյանը մի շատ վտանգավոր արտահայտություն է ասում՝ ուր է ժողովրդի ցասումը։ Տեսեք՝ չսխալվեք, չսխալվեք ու հանկարծ չմտածեք, որ այն, ինչ տեղի է ունեցել, մարսել եք ու կարող եք գնալ նոր զիջումների։ Այդ ժամանակ ցասումը կտեսնեք»։

Նա ասաց նաև, որ երբ  իրենք խոսում են բանակի բարեփոխումներից, երկրի առջև ծառացած խնդիրներից, իշխանությունն էլ գալիս է ու ԱԺ ամբիոնից ասում՝ մարտի 1, հոկտեմբերի 27 ու անընդհատ նույնը։  

«22 տարի առաջ այս դահլիճում ողբերգություն է տեղի ունեցել։ Հետաքրքիր զուգադիպությամբ շատ պաշտոնյաներ, որ այն ժամանակ պաշտոնյա էին, հիմա էլ են պաշտոնյա՝ Անդրանիկ Քոչարյան, Գագիկ Ջհանգիրյան, Վաղարշակ Հարությունյան։ Այն ժամանակ էլ էիք բարձր իշխանության, բացահայտեիք։ Նույն մարտի մեկը, երեկ տարի ժողովրդին կերակրել եք։ Մարդկանց տարել եք, կալանավորել եք կեղծ մեղադրանքներով», - ասաց նա։