Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Տնտեսություն

Վառարանների սառելն ավելի վտանգավոր կլիներ.ինչու կառավարությունը չարգելեց արտադրությունը (տեսանյութ)

2020թ․ Հայաստանում արտադրվել է 163 մլն 372 հազար ապակե տարա։ Դա ավելի քան 31 միլիոնով կամ 23,6 տոկոսով ավելին է 2019թ․ համեմատ։ Անցած տարվա արդյունաբերական վիճակագրության ցանկում քիչ են օրինակները, որ համաճարակի պայմաններում, հետո արդեն Արցախյան պատերազմի ազդեցության արդյունքում որևէ արտադրություն Հայաստանում ոչ միայն անկում չունենար, այլև այսքան աճեր։ Դա պայմանավորված է ապակյա տարաների արտադրության բնույթով։

«Մեր արտադրությունը հնարավոր չէր կանգնեցնել։ Ինքը անընդհատ՝ 24 ժամ ամբողջ տարին գործող արտադրություն է։ Նրան կանգնեցնելը կապված է այնքան մեծ ու հնարավոր է՝ անդառնալի կորուստների հետ, որ դրանցից հետո վերականգնվելը, հնարավոր է, իրատեսական չլինի։ Մեզ մոտ աշխատում են վառարաններ։ Այդ վառարանները, ենթադրենք՝ 5,6-8 տարվա կյանք ունեն։ Վառարաններում կա հսկայական զանգվածի ապակյա նյութ՝ մինչև 200 տոննա, որը մինչև 1500 աստիճան կամ նույնիսկ ավելի տաքություն ունի։ Երբ կանգնեցնում ես, այդ ամբողջ նյութը հանելը, սառեցնելը երկար ժամանակի գործ է, իսկ այդ պրոցեսը վառարանների կյանքի վրա շատ մեծ ազդեցություն ունի»,- «Ա1+»-ի հետ զրույցում պատմում է ապակյա տարաներ արտադրող «Սարանիստ» ընկերության կոմերցիոն տնօրեն Մհեր Կիրակոսյանը։

Նա ասում է, որ անցած տարի կորոնավիրուսի համաճարակի ամիսներին կառավարությունն այլ ընկերությունների նման չկանգնեցրեց իրենց աշխատանքը մեկ այլ պատճառով ևս՝ «Սարանիստ» գործարանի չաշխատելը միգուցե կկանգնեցներ նաև ապակյա տարաներ գնող շատ ընկերությունների՝ պահածո, ալկոհոլային խմիչք, հյութեր, հանքային ջուր արտադրող գործարանների աշխատանքը։ Իսկ դա անցած տարի տնտեսության անկումն էլ ավելի կխորացներ։

Իսկ Հայաստանում ապակյա տարաների, հատկապես՝ շշի արտադրության հաջողություններն ու անհաջողությունները հիմնականում երկրից դուրս են։ Աշխարհում տնտեսական ինչ վայրիվերումներ տեղի ունենան, դա անդրադառնալու է այս ոլորտի վրա, քանի որ Հայաստանում արտադրված շշի վերջնական սպառողը ողջ աշխարհն է։

«Եթե մենք արտադրում ենք գինու շիշ, որը շշալցվում է Վրաստանում կամ Հայաստանում և որը սպառվում է Լեհաստանում կամ Գերմանիայում, մեզ հետաքրքրում է այդ երկրների իրավիճակը, որովհետև այնտեղի սպառողն է, որ վերջին հաշվով մեր շիշը սպառում է։ Մեզ համար շատ ավելի վատ ճգնաժամ էր այն, երբ ռուսական ռուբլու փոխարժեքը կտրուկ փոփոխվեց։ Ես չգիտեմ դա մնացածների վրա ոնց ազդեց, բայց դա ամենախորը ճգնաժամն էր մեր ընկերության։ ՌԴ-ի հարակից սահմաններով և Վրաստանում, և Ղազախստանում, Ուկրաինայում գործարաններ փակվեցին։ Իսկ մեր արտադրությունը գրեթե 70 տոկոսով կանգ առավ»,- ասում է Մ․Կիրակոսյանը։

Իսկ ապակյա տարաների արտադրությունը ցուցիչ է ողջ տնտեսության համար։ Մհեր Կիրակոսյանն ասում է, որ եթե իրենց արտադրության և իրացման ծավալները Հայաստանում ավելանում են, դա նշանակում է, որ մեր տնտեսության՝ գյուղատնտեսական ապրանքների վերամշակման ոլորտում աշխատող ընկերությունների գործերը լավ են։

«Մենք տեսնում ենք, որ նույն կոնյակագործությունն ու գինեգործությունը լավ զարգանում են։ Մենք զգում ենք, որ գարեջրագործությունը զարգանում է։ Մենք զգում ենք, որ նաև արտահանում է շատ լինում։ Մենք տեսնում ենք, որ թե՛ հյութերի, թե՛ պահածոների արտադրությունը շատանում է։ Մենք զգում ենք, որ մեր շուկան ընդհանուր մեծանում է։ Եթե չմեծանար, մենք չէինք կարողանա աճել»,- ասում է նա։

Մանրամասները՝ տեսանյութում