Բացել լրահոսը Փակել լրահոսը
1060195
A A
Հասարակություն

Պայթյուն Գյումրիում. զոհվել են ամուսիններ

Գյումրիում տեղի ունեցած  պայթյունի հետևանքով զոհվել են երիտասարդ ամուսիններ: Դեպքի մասով հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 110-րդ և 104-րդ մասի  հատկանիշներով («Ինքնասպանության հասցնել» ու «սպանություն»):

Այս մասին  «Արմենպրես»-ին  տեղեկացրեց Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը՝ նշելով, որ մահացածների ինքնությունը պարզ է. նրանք ամուսիններ են:

«Տեղի է ունեցել պայթյուն, ամուսինները զոհվել են: Նախնական տեղեկություններով՝ ամուսինը զինծառայող է: Այս պահին ընթանում են օպերատիվ քննչական գործողություններ»,-նշեց դատախազը:

Օգոստոսի 7-ին, ժամը 15։40-ի սահմաններում Գյումրի քաղաքի ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Ալավերդյան 70 տան բակում պայթյուն  է տեղի ունեցել: Տարածք են  ժամանել ոստիկանության Շիրակի մարզային վարչության աշխատակիցներն ու  ոստիկանության Կումայրիի բաժնի օպերատիվ խումբը։

Այս պահին ոստիկանները դեպքի վայրը սահմանազատել են, իսկ տեղում աշխատում են ոստիկանության Շիրակի մարզային վարչության փորձաքրեագետները: