Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Թեմա Տնտեսություն

«Ընդհատված թռիչք»․ Մեկը կորցրեց, մյուսը դարձավ խոշոր հարկատու (տեսանյութ)

Երկու օրում նկարիչ-դիզայներ Սիրանուշ Նազանյանի բիզնեսը փուլ եկավ, մինչդեռ 2020թ գարնանը պատրաստվում էր հանրությանը ներկայացնել հարսանեկան ավանդական զգեստների նոր հավաքածուն, որի վրա ֆինանսական մեծ գումարներ էին ներդրվել։

Հայկական բրենդային հագուստների ու աքսեսուրաների արտադրությամբ զբաղվող «Նազանի քոլեքշըն» ընկերությունը ենթարկվեց կոլափսի։ Խանութ սրահներում, թանգարաններում, Մայր Աթոռին կից գրատներում, հյուրատներում վաճառվող ընկերության բազմատեսակ արտադրանքն մեկ տարի շարունակ այդպես էլ գնորդ չգտավ։

Գործարար, փոքր ու միջին ձեռնարկությունների շահերի ներկայացուցիչ Սամսոն Գրիգորյանը էլեկտրոնիկա է ներմուծում Չինաստանից։ Կորոնավիրուսային համավարակի պատճառով փակվել է նրա խանութներից մեկը։ Սամսոն Գրիգորյանը երկու տարի է չի այցելել գործընկերներին, քովիդի հետևանքները դեռևս ազդում են բիզնեսի ու գործարար աշխարհի վրա։

Դժվարությամբ են բիզնես պայմանագրեր կնքում, բավականին գործառույթներ այս պահին շարունակում են դադարեցված մնալ։ «Սիսիան Կերամիկս» ընկերության հիմնադիր, խեցեգործ Վահագն Համբարձումյանին քովիդն հարվածեց հենց այն շրջանում, երբ պատրաստվում էին Սիսիանում կյանքի կոչել նոր ծրագրեր՝ մեծացնելով աշխատակիցների թիվը։

2014 թվականին հիմնադրված «Սոֆթ Պապիրուս» ընկերությունը, որը այս տարվանից լրացնում է Հայաստանի խոշոր հարկատուների ցանկը, եզակիներից է, ում ճգնաժամը օգնել է ու ոչ թե վնասել։ Բայց այնպես չէր, որ թղթե հիգիենայի պարագանների արտադրությամբ ու վաճառքով զբաղվող ընկերությունը խնդիրներ չունեցավ։ Պարզապես եթե շատ ընկերություններ սպառում չունենալու պատճառով էին շոկային իրավիճակում հայտնվել, ապա «Սոֆթ Պապիրուս»-ը՝ պահանջարկի։

Կորոնավիրուսի առաջին ալիքին հաջորդեց պատերազմը, այնուհետև համավարակի երկրորդ ալիքը՝ արդյունքում Հայաստանը տարին փակեց 7,4 տոկոս ՀՆԱ անկմամբ`առաջին անգամ նվազում գրանցելով 2009 թվականից ի վեր։ Գործատուների հանրապետական միությունը 2020 թվականի ապրիլին իրականացրել է կորոնավիրուսի ազդեցության բազմակողմանի վերլուծություն 213 ընկերությունների շրջանում։

Մանրամասները՝ տեսանյութում