Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Ռուբեն Ռուբինյանը չթաքցրեց՝ մի քանի ամիս ապրել ու հետազոտություն է իրականացրել Թուրքիայում (տեսանյութ)

Իշխող խմբակցությունը ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել է Ռուբեն Ռուբինյանին, ում կենսագրությունը շատ ճկուն է և փոփոխվում է ՝ կախված զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին ԱԺ նիստում հայտարարեց «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Աննա Մկրտչյանը։

Մասնավորապես նա շեշտեց, որ հանրությանը հայտնի է՝ Ռուբեն Ռուբինյանը իր կյանքի որոշակի ժամանակահատված անցկացրել է Թուրքիայում և դրա մասին տեղեկություն որևէ մեկիս չի տրվել, հաշվի առնելով, որ նա բավականին երկար ժամանակ հանդիսանում է հանրային պաշտոնյա։

«Ինչ է սա նշանակում։ Այս նույն իշխանությունը մեզ արդեն հրամցրել էր մի իրավիճակ, որտեղ ՀՀ ԱԺ նախագահը կարող էր լինել «թուրքի լրտես»՝ «Օմեգա» մականունը կրող, ինչը, ըստ էության, ենթադրում է, որ այդ ռիսկայնությունը կարող էր տեսականորեն պարունակել նաև այս ԱԺ-ն։ Մասնավորապես, այդ նույն իշխանությունը կարող է այս անգամ էլ ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել «թուրքի լրտեսի»», - ասաց Աննա Մկրտչյանը։

ԱԺ նորընտիր նախագահ Ալեն Սիմոնյանը դիմեց Աննա Մկրտչյանին և մնացած պատգամավորներին՝ կոչ անելով զերծ մնալ որակումներից, առավել ևս, երբ դա վերաբերում է ՀՀ բարձր պաշտոն զբաղեցնող մարդկանց։

Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց, որ 2017թ․-ին թուրք ազգայնականի կողմից սպանված հայ լրագրող Հրանտ Դինքի անվան հիմնադրամի ծրագրի շրջանակներում մի քանի ամիս Թուրքիայում իրականացրել է հետազոտություն․ «Երբեք դա չեմ թաքցրել, որովհետև թավշյա հեղափոխությունից անմիջապես հետո՝ փոխնախարար նշանակվելուց 3-4 օր անց, հարցազրույցում բաց ասել եմ, որ ես հեղափոխությունից առաջ այնտեղ էի»։

Աննա Մկրտչյանն արձագանքեց, որ Ռուբինյանի՝ Թուրքիայում գտնվելու նպատակը և շարժառիթը տեսականորեն կարող է հանդիսանալ այն իրավիճակը, որ նա էլ է գնացել հերթական լրտեսական տառը ստանալու, ինչպես նրա գործընկերը։

«Ամեն անգամ, ցանկացած հարցի պատասխանելուց լավ կլինի, որ գոնե մի քանի անգամ բարձրաձայն կրկնեք, որ Արցախի հանրապետությունում կա քաղաք ոչ թե Շուշա, այլ Շուշի, որովհետև ՀՀ հանրությունը հնարավորություն ունեցավ Հանրային հեռուստաընկերությամբ լսել, թե Դուք ինչպես եք հեշտությամբ Շուշին անվանում Շուշա և, ըստ էության, Ձեզ համար ոչ թե Արցախի հանրապետություն է, այլ Ղարաբաղի տարածք», - ասաց Աննա Մկրտչյանը։