Բացել լրահոսը Փակել լրահոսը
atff-poster-2021_04F1-02-02
A A
Մշակույթ

Փառատոնի օրերին կգործի Երևան-Ուջան-Երևան հատուկ երթուղին

Օգոստոսի 22-29-ը Արագածոտն մարզի Ուջան գյուղում տեղի կունենա «Ծիրանի ծառ» Ուջանի վավերագրական ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնը, որի պաշտոնական ազդագիրն արդեն հրապարակվել է։

Փառատոնը, որի նախաձեռնողն է «Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման հասարակական կազմակերպությունը, ամբողջովին տեղի է ունենալու Ուջան գյուղում։ Հատուկ փառատոնային Երևան-Ուջան-Երևան երթուղին հնարավորություն կտա երևանյան հանդիսատեսին, կտրվելով քաղաքային անցուդարձից, ցերեկային ժամերին գալ Ուջան, բազմապիսի ֆիլմեր դիտել Ուջանի Մշակույթի տանը, այնուհետ տեղափոխվել Ուջանի այգի և մինչև ուշ երեկո շարունակել վայելել արդի համաշխարհային վավերագրական կինոյի լավագույն նմուշները բաց երկնքի տակ։ Նշենք, որ բոլոր ցուցադրությունների մուտքն ազատ է ու անվճար։

Այս տարի փառատոնի շրջանակում կցուցադրվի շուրջ 30 ամենատարբեր՝ ազգագրական, մարդաբանական ու փորձարարական ժանրերի լիամետրաժ ու կարճամետրաժ վավերագրական ֆիլմ մոտ 2 տասնյակ երկրից, այդ թվում՝ Ֆրանսիայից, Բելգիայից, Շվեյցարիայից, Իտալիայից, Ռուսաստանից, Իրանից, Ֆիլիպիններից, Մարոկկոյից և այլն։

Արտամրցութային բաժնում հատուկ ռետրոսպեկտիվ ծրագրով հարգանքի տուրք է մատուցվելու ֆրանսիական կինոյի ամենայուրատիպ ու մեծագույն վարպետներից մեկին՝ առեղծվածային Քրիս Մարկերին՝ վերջինիս 100-ամյակի կապակցությամբ։