Բացել լրահոսը Փակել լրահոսը
70563302_668256223671069_5636372194851291136_o-scaled-e1579166535358
A A
Հասարակություն

«Մեր կոշիկներն ամեն ինչ անում են, բացի սուրճ դնելուց»․ «Ոտնաման» ընկերության համահիմնադիր

3 տարի առաջ մասնագիտությամբ օպերային երգիչ Աբգար Սարգսյաննն իր` հեռահաղորդակցության և կապի մասնագետ ընկերոջ հետ որոշեց հիմնել հայկական կոշիկի արտադրություն։  

Նախ, Աբգարը հաճախեց թվային մարքեթինգի դասերի, որն իրեն օգնեց և՛ բավականաչափ գումար տնտեսել սկզբնական շրջանում, և՛ բոլոր համապատասխան սոցցանցերում զբաղվել նորաստեղծ ընկերության առաջխաղացմամբ։ Սկզբում գործում էր միայն օնլայն խանութը, իսկ կոշիկները գնում-վաճառում էին տեղի արտադրողներից՝ մինչև հասկացան, որ իրենց գնած ապրանքն այդքան էլ որակյալ չէ․ «0 դրամով ենք սկսել՝ 1 մլն դրամ overdraft-ով։ Առաջին խանութը բացեցինք Կասյանի վրա։ Ընդամենը 4 քառակուսի մետր էր։ Եթե 2 հաճախորդ էին մտնում՝ արդեն 3-րդին տեղ չկար»,- հիշում է համահիմնադիրը։

«Ոտնաման»-ի համահիմնադիրը համոզված է՝ շուկան գրավեցին նաև իրենց կրեատիվ և պրովոկացիոն գովազդների շնորհիվ․ «Արվեստն ինձ տվել է ճաշակ և ստեղծագործականություն, որն այս գործում շատ կարևոր է։ Սա էլ է արվեստ ու նույնքան աշխատատար։ Մեր արտադրանքը տարբերվող է, ճաշակով և հարմարավետ։ Այս է պատճառը, որ մեզ շատ արագ սկսեցին պատճենել։ Ինչպես մեր հաճախորդներից մեկն է սիրում ասել՝ մեր կոշիկներն ամեն ինչ անում են, բացի սուրճ դնելուց»։

Հայաստանում արտադրական ոլորտը կա, դժվարությամբ զարգանում է, բայց կա հումքի խնդիր։  «Ոտնամանի» արտադրանքի հումքը բերվում է Իտալիայից, Իսպանիայից, ՌԴ-ից, Թուրքմենստանից, Իրանից և Թուրքիայից։

ԱՄՆ-ում և Եվրոպայում իրենց արտադրանքը մեծ պահանջարկ է վայելում։  Փոստային առաքումների գնի բարձրացումից հետո սկսել են շատ քիչ ուղարկել։  Հիմա փորձում են մուտք գործել ՌԴ շուկա։

 «Մեր վարպետները շատ լավն են ու ազնիվ, սակայն հումք չկա, խնդիրները շատ են։ Նաև պետք է պետության մակարդակով հայկական կոշիկի իմիջը բարձրացվի և գովազդվի աշխարհում, ինչպես արվեց իտալական կոշիկի դեպքում»,-ասում է նա։

Կորոնավիրուսի սահմանափակումների հետևանքներն իրենց էլ չշրջանցեցին․ ստիպված էին փակել 2 խանութները, սակայն մեծ էր պահանջարկն արտերկրից։ Շեշտը դրեցին օնլայն առաքումների վրա։

Հիմնականում վաճառվում են նախշապատ սնիկերները։ Ուսումնասիրելով այստեղի շուկան՝ հասկացան, որ ամենամեծ պահանջարկը  casual  ոճն ունի, ուստի անգամ դասական մոդելների մեջ փորձում են  նման տարրեր ներմուծել, իսկ անհատական պատվերների դեպքում իրագործում են նաև խենթ գաղափարներ՝ մշտապես քննարկելով դրանք իրենց դիզայների հետ, նաև՝ ընդառաջ գնալով իրենց հաճախորդներին։

Պատերազմի ընթացքում սկսեցին համագործակցել  «Աստղիկ» բարեգործական հիմնադրամի հետ, որի հայկական բաճկոններ արտադրող «Կուրթան» ընկերությունն առ այսօր չունի խանութ-սրահ։  «Ոտնաման»-ի ոչ մեծ սրահում տեղ է հատկացված նաև այս ընկերության տեսականուն։ Բացի այդ, երկու ընկերությունները ստեղծել են համատեղ՝ «Լորիկ» անվանումով հավաքածուն՝ կոշիկներ և անթև բաճկոններ՝ նույն երանգներով։