Բացել լրահոսը Փակել լրահոսը
europaflagge
A A
Քաղաքականություն

Եվրոպական խորհրդարանի զեկուցողները դատապարտել են ադրբեջանական հայտարարությունները Զանգեզուրի վերաբերյալ

Եվրոպական խորհրդարանի` Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը, Եվրախորհրդարանի` Հայաստանի հարցով հիմնական զեկուցող Անդրեյ Կովաչևն ու Ադրբեջանի հարցով հիմնական զեկուցող Ժելյանա Զովկոն հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում, մասնավորապես, դատապարտել են Ադրբեջանի վերջին հայտարարությունները։

Ամբողջական հայտարարությունը՝ ստորև.
 
«
Մենք ցավում ենք, որ հուլիսի 28-ին Գեղարքունիքի մարզում Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական զորքերի հետ բախումներում երեք հայ զինծառայող է զոհվել այն բանից հետո, երբ հայկական դիրքերը և մի քանի գյուղեր, ինչպես հաղորդվում է, գնդակոծվել են վաղ առավոտից։ Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում նրանց ընտանիքներին։ Ցավոք, դա վերջին ամիսներին տեղի ունեցած մի շարք միջադեպերից կամ սադրանքներից միայն վերջինն է, ներառյալ միջպետական սահմանի խախտումները, որոնք սկսվել են մայիսի 12-ին ադրբեջանական զորքերի ներխուժումից Հայաստանի տարածք: Վերջերս Նախիջևանի սահմանին տեղի ունեցած փոխհրաձգությունը, որտեղ ևս մեկ հայ զինվոր էր զոհվել, պակաս տագնապալի չէր։
Մենք կոչ ենք անում երկու կողմերին խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը և զերծ մնալ ցանկացած սադրանքներից։ Սահմանի վերաբերյալ ցանկացած հնարավոր տարաձայնություն պետք է լուծվի բանակցությունների միջոցով՝ սահմանագծման և սահմանազատման գործընթացի շրջանակում, այլ ոչ թե ուժի կիրառման և միակողմանի գործողությունների միջոցով։ Բոլոր ուժերը պետք է նահանջեն մինչև մայիսի 12-ի գծերը՝ հրադադարի մասին եռակողմ հայտարարության դրույթներին համապատասխան։
Իրավիճակի լարվածության թուլացման համար չափազանց կարևոր է, որ հրահրիչ հռետորաբանությունն անհապաղ դադարեցվի։ Այս համատեքստում մենք դատապարտում ենք, մասնավորապես, Ադրբեջանի ներկայացուցիչների վերջին հայտարարությունները, այսպես կոչված, «Արևմտյան Զանգեզուրի» վերաբերյալ և Հայաստանի Հանրապետության տարածքի մասին հղումները՝ որպես ադրբեջանցիների «նախնյաց հող»: Նման հայտարարությունները չափազանց անպատասխանատու են և սպառնում են էլ ավելի քայքայել տարածաշրջանային անվտանգությունը։
Մենք հիշեցնում ենք, որ ԵՄ-ն հավատարիմ է վստահության ամրապնդման միջոցներին աջակցելուն և բանակցությունների սեղանի շուրջ ցանկացած հարցի լուծմանը, այդ թվում՝ հակամարտության երկարաժամկետ կարգավորման բանակցությունների վերսկսման և Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի միջոցով»։