Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արման Բաբաջանյան
A A
Քաղաքականություն

Որոշումը համարում ենք բացառիկ կարևոր․ Արման Բաբաջանյան

«Հանուն հանրապետության» կուսակցությունը ողջունում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության որոշումը 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով ստեղծելու մասին։
Որոշումը համարում ենք բացառիկ կարևոր։ Այս մասին գրառում է կատարել Կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը։
 
Հաշվի առնելով հանձնաժողովի աշխատանքների նկատմամբ համահայկական ուշադրությունը և հանրային վստահությունը բարձր պահելու կարևորությունը, խիստ անհրաժեշտ ու կարևոր ենք համարում հանձնաժողովի աշխատանքներում հնարավորինս լայն ներառականության ապահովումը՝ Հայաստանի խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի, Արցախի խորհրդարանի և պատկան ուժային կառույցների, Հայաստանի և Արցախի Մարդու իրավունքների պաշտպանների, քաղաքացիական հասարակության, սփյուռքի փորձագիտական շրջանակների, այդ թվում՝ առանձին դեպքերում, նեղ մասնագիտական հարցերի և փորձագիտական կարծիքի համար, առաջատար միջազգային փորձագետների և մասնագիտական խմբերի ներգրավումը։
 
Պետք է անել ամեն ինչ, որպեսզի քաղաքական տարբեր ուժեր (այդ թվում դրսից կառավարվող) ի սկզբանե զրկված լինեն հանձնաժողովի աշխատանքներն ի շահս օգտագործելու, աշխատանքների բովանդակությունը մանիպուլացնելու հնարավորությունից։
 
Չափազանց էական ենք համարում հանձնաժողովի աշխատանքներում արտաքին ազդեցությունների անթույլատրելիությունը։
 
Այսու, պետք է անել հնարավորը հանձնաժողովի անկախությունն ու հանրության հետ ճիշտ հաղորդակցությունն ապահովելու համար։
 
Հանուն Հանրապետության կուսակցությունը պատրաստ է իր մասնագիտական ներուժը ներդնել և մասնակցել հանձնաժողովի ստեղծման՝ նախապատրաստական աշխատանքներում, ինչպես նաև որպես արտախորհրդարանական ուժ ներգրավվել և մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին։