Բացել լրահոսը Փակել լրահոսը
1058814
A A
Տնտեսություն

Կառավարությունը կխրախուսի Սյունիքի մարզում կառուցապատում իրականացնողներին

Կառավարությունը կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին միջոցառման մասին որոշման մեջ փոփոխություն կատարեց:

 Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը նշեց, որ փոփոխություններով թույլ են տալիս, որ այս ծրագրից օգտվեն Սյունիքի մարզում կառուցապատում իրականացնող ընկերությունները: «Նախկինում կառուցապատման ոլորտը չի մտել այս ծրագրի մեջ, բայց հիմա մենք ուզում ենք խրախուսել այն կառուցապատողներին, որոնք Սյունիքի մարզում կառուցապատում են իրականացնում:

 
 

Մենք փոխում ենք ծրագրի տրամաբանությունն այնպես, որ դրա շահառու դառնան  այն ընկերությունները, որոնք դեռ չեն վերականգնվել կորոնավիրուսի և պատերազմի հետևանքով առաջացած տնտեսական դժվարություններից: Դրա համար այս հատվածի համար որպես նպատակ սահմանել ենք հարկային ու վարկային ներկա և ապագա պարտավորությունների կատարումը: Դրանով ուզում ենք ընկերություններին մոտավորապես 6 ամսվա թթվածին տալ, որ նրանք կենտրոնանան վերականգնվելու պրոցեսի վրա ու ծանրաբեռնված չլինեն վարկային ու հարկային ժամկետանց և ընթացիկ պարտավորություններով»,- ասաց նախարարի պաշտոնակատարը:

Նրա խոսքով՝ կարևոր պայման կա. այդ ընկերությունները 90-օրյա ժամկետում պետք է դառնան բաժնետիրական ընկերություններ ու սկսեն ներդնել կորպորատիվ կառավարման սկզբունքները: Նաև ավելացվել է ֆինանսավորման ընդհանուր չափը, որը 250 մլն դրամից բարձրացրել է 1 մլրդ դրամի:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս ծրագրով վարկերի տոկոսների սուբսիդավորում է իրականացվում:

Քերոբյանը հավելեց, որ առաջին մեկ տարվա համար վարկը զրո տոկոսով է լինելու, հետո արդեն պետք է դառնա կոմերցիոն վարկ: