Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+olimpiada 22.07.
A A
Սպորտ

Տոկիոյի օլիմպիական խաղերի բացմանը ներկա կլինեն 950 հանդիսական

Հուլիսի 23-ին Տոկիոյի ազգային մարզադաշտում նախատեսված 32–րդ ամառային օլիմպիական խաղերի բացման արարողությանը ներկա կլինեն 950 հանդիսական: Այդ մասին տեղեկացրել է խաղերի կազմկոմիտեի ներկայացուցիչ Հիդեմասա Նակամուրան: Դրանք բոլորն էլ կլինեն պաշտոնատար անձիք:

 

Բացման արարողությանը մասնակցող մարզիկների քանակը դեռևս հայտնի չէ: Նրանք պարտադիր կկրեն բժշկական դիմակներ և կպահպանեն սոցիալական հեռավորություն:

 

Օլիմպիական խաղերի բացման նորամուծություն է նաև այն, որ յուրաքանչյուր երկիր կունենա երկու դրոշակակիր` մեկական կին և տղամարդ: ՄՕԿ-ն այս խաղերը փորձում է անցկացնել գենդերային հավասարության նշանաբանով: Մասնավորապես` այս խաղերում կին մասնակիցների թիվը կազմելու է 48,8 տոկոս:

 

Փոփոխություններ են կատարվել նաև երդման արարողությունում: Բնականաբար, տեքստը կարտասանի ոչ միայն տղամարդկանց, այլև կանանց եռյակը (մեկական մարզիկ, մրցավար և մարզիչ):

 

Դեռ անհայտ են արարողության մանրամասները:  Օրինակ` հայտնի չէ, թե ով է վառելու օլիմպիական կրակը: Շքերթի ընթացքում պատվիրակությունների մուտքը ստադիոն կլինի  ճապոնական այբուբենով: Հունաստանի մարզիկներից անմիջապես հետո, որն ավանդաբար առաջինն է լինում որպես խաղերի նախահայր, կանցնի փախստականների հավաքականը: Հայաստանը 13-րդն է մուտք գործելու ստադիոն:

 

Նշենք, որ օլիմպիական խաղերի բացումը պաշտոնապես կհայտարարի Ճապոնիայի 126-րդ կայսր Նարուհիտոն: Ի դեպ, նրա հրավերով բացման արարողությանը ներկա կլինի նաև Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը: