Լարվածությունը չի վերաճի լայնամասշտաբ պատերազմ, սակայն լոկալ բախումները չեն բացառվում․ Աբրահամյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱդրբեջանը ձեռնարկում է հնարավոր բոլոր քայլերը՝ Հայաստանի նկատմամբ իր առավելություններն առարկայացնելու և զիջումների նոր օրակարգ բերելու համար։ Այս մասին ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանն այսօր կայացած ասուլիսում։
Այս բոլոր զարգացումներն, ըստ նրա՝ անհայտություների մեծ համակարգ են, քանի որ դեռևս պարզ չեն հիմնական ուղղությունները և այս կետին հասնելու դրդապատճառները։ Տ․ Աբրահամյանը կարծում է, որ ՀՀ իշխանությունները, որոնց հայտարարություններում ինքն արհեստականություն է տեսնում, դեմ էլ չէին նոր փոփոխություններին, զիջումներին և այլն։ Ադրբեջանն այժմ վերահսկում է մեր ճանապարհներից մի քանիսը, ինչպես նաև՝ ջրային պաշարներ։ Երասխն այս համակարգում 3-րդ ուղղությունն է, քանի որ Հայաստանի հարավային ամբողջ գլխավոր մայրուղին անցնում է այդտեղով։
«Ուստի, այդ հատվածում Ադրբեջանի համար դիրքային ցանկացած բարելավում կարող է անդառնալի հետևանքներ ունենալ մեզ համար»,-նշել է նա։
Ըստ «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավարի՝ Ադրբեջանը 2 խնդիր է լուծում․ 1․ Իր համար ռազմավարական և մարտավարական առումով հնարավորություններ ստեղծել՝ Հայաստանին մինչև վերջ ճնշելու և բանակցային գործընթացում առավելագույնը ստանալու համար։
2․ Այս գործընթացը կարող է հնարավորություն տալ Ադրբեջանին լայնամասշտաբ ռազմական գործողություններ իրականացնելու և էֆեկտիվ մարտավարելու համար։
Տ․ Աբրահամյանը չի կարծում, որ սահմանին ստեղծված լարվածությունը կարող է վերաճել լայնամասշտաբ ռազմական գործողությունների՝ անկախ Ադրբեջանի՝ վերջին շրջանում ներկայացրած տարածքային հավակնություններից և սուր հայտարարություններից։ Վերլուծաբանը, սակայն, չի բացառում լոկալ կամ սահմանների այլ հատվածներում բախումները։
«Սահմանայիյն էսկալացիայի պայմաններում հանրության համար տեսանելի կլինեին պետության կողմից իրականացվող միջոցառումները։ Իշխանությունը ստեղծված ծանր պայմաններում որևէ լուրջ միջոցառում չի իրականացնում քաղաքական, դիվանագիտական, ռազմական տեսանկյունից։ Ես կասկածներ ունեմ, որ սա որոշակի գծված խաղի ներքո է, և Հայաստանին պարտադրված նոր զիջումները չեն կարող լինել խաղաղ ճանապարհով», -համոզմունք հայտնեց Տ․ Աբրահամյանը՝ հավելելով, որ իշխանությունը հանրության շրջանում վախի և ուռճացված սպառնալիքների մթնոլորտ ստեղծելով՝ հետագայում փորձելու է հիմնավորել այս զիջումները։
Նա այս իրավիճակը նմանեցրեց նոյեմբերի 9-ից հետո ստեղծվածին, երբ վարչապետի ներկայիս պաշտոնակատար Փաշինյանը հրադադարը հաստատող փաստաթղթով չնախատեսված տարածքների հանձնումը փորձում էր արդարացնել պատերազմի շարունակվելու կամ դրա վերսկսման սպառնալիքներով։
Ըստ «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցչի՝ այս իշխանությունները կա՛մ չեն տիրապետում զինված ուժերի ներքին անցուդարձին, կա՛մ նպատակադրված կերպով զինված ուժերը տանում են կազմաքանդման․ «Այն, ինչ խոսում է ՊՆ-ը, պետք է անի, բայց չի անում կամ՝ Զինված ուժերի շտաբի պատասխանատուները, ցույց է տալիս, որ առաջիկայում ունենալու ենք շատ ավելի ծանր իրավիճակներ։ Ադրբեջանն ու Թուրքիան կա՛մ «փափուկ ուժի» միջոցով են լուծելու Հայաստանի հետ կապված՝ իրենց օրակարգում եղած խնդիրները, կա՛մ ուղիղ՝ ռազմական ճանապարհով»,- վստահ է նա։