Բացել լրահոսը Փակել լրահոսը
երեխա1
A A
Հասարակություն

Գյումրիի Ավտոկայան թաղամասում հայտնաբերված երեխան հանձնվել է խնամակալության

Գյումրիի Ավտոկայան թաղամասում հուլիսի 3-ին հայտնաբերված   նորածնի մայրը չի հայտնաբերվել, երեխան հանձնվել է խնամակալության: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Գյումրու քաղաքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովին՝ փոքրիկին տուն տանելու խնդրանքով դիմել էր երկու ընտանիք: Հանձնաժողովը հարցը քննարկել և համաձայնություն է տվել երեխային հանձնել այդ ընտանիքներից մեկին: Հանձնաժողովի նախագահ Էդվարդ Բաղրամյանը «Արմենպրես»-ին ասաց՝ երեխան հանձնվել է այն ընտանիքին, որի անդամն ունի երեխաների հետ աշխատելու փորձ, ամեն օր նրանց միջավայրում է: «Երեխան ապահով ձեռքերում է, առողջ է: Խնամակալությունը ժամկետով չի տրված, նման հասկացողություն չկա: Խնամակալությունը տրվում է անժամկետ, հանձնաժողովն ընտանիքին պահում է հսկողության տակ՝ մինչև առկա քրեական գործի ավարտը: Մինչև դա չլինի, որդեգրման հարց չի կարող լինել»:

Հուլիսի 3-ի առավոտյան` ժամը 10:00-10:30-ի սահմանում, Գյումրիի տներից մեկի պարսպի տակ բարակ ծածկոցով փաթաթված նորածին էր հայտնաբերվել: Փոքրիկը տեղափոխվել էր Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց: Պարզվել էր, որ 3 կգ 100 գրամ քաշով ու 51 սմ հասակով տղան բնածին արատ չունի: