Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Երկու զոհ մեկ տնից. խաչքար Կարեն և Արամ եղբայրների հիշատակին (տեսանյութ)

Կարեն և Արամ Բալյան եղբայրները 44-օրյա պատերազմից այդպես էլ չվերադարձան տուն։  Նրանց տան՝ 16-րդ թաղամասի 43 շենքի բակում բացվեց եւ օծվեց եղբայրների հիշատակը հավերժացնող խաչքար։ Եղբայրները որպես կամավոր էին մեկնել առաջնագիծ։

Տղաներից ավագը՝ Կարենը, 36 տարեկան էր։ Մայրը պատմում է՝ Դուբայում հայտնի դիջեյ էր, պատերազմից մեկ ամիս առաջ էր եկել Հայաստան։

«Օգոստոսի 28-ին եկավ, մեկ ամիս մնաս, սեպտեմբերի 27-ին, որ պատերազմը սկսվեց, այդ օրը իր ընկերների հետ է եղել, ասել է՝ ես վաղը գնալու եմ։ Հաջորդ օրն առավոտյան եկավ, փոքր տղաս՝ Արամը, 28 տարեկան էր, իրար հետ որոշեցին, որ գնան ու էդպես գնացին», - ասաց մայրը՝ Կարինե Մանուկյանը։

Արամը չէր հասցրել ամուսնանալ։  Կարենը վաղ էր ամուսնացել, նրա որդին՝ Հայկը, 14 տարեկան է։

Էմիլ Ասլանյանը հերոսացած եղբայրների մանկության ընկերն է։ Պատերազմը նրան նաեւ մարտական ընկեր դարձրեց։

«Անընդհատ ասում էինք՝ էնպես չլինի՝ սա մեր երեխեքին հասնի։ Ես ու Արամիկը, որ ծնվել ենք, պատերազմը վերջացած է եղել, բայց 28 տարի հետո հերթը հասավ մեզ, չէինք ուզի, որ մեր երեխեքի գլխով անցներ այդ ամենը։ Որ մեր ընկերները զանգում էին, ասում՝ ախպեր, բա ձեր երեխեքը, ասում էինք՝ բա ստեղի՞ երեխեքը»։

Էմիլն ասում է՝ պատերազմի օրերին Արամին նորովի է բացահայտել։ Հանգիստ բնավորությամբ, բարի Արամը սառնասիրտ էր դարձել, մարտական, ընկերը հիշում է՝ երբեմն այնպիսի վստահությամբ էր գործում, հարցնում էր՝ Արամ, դո՞ւ ես։

Աշխատասեր, ակտիվ ու պրպտող Կարենը հոկտեմբերի 15-ին էր վիրավորվել ու 20 օր հիվանդանոցում պայքարեց կյանքի համար։ Չդիմացավ։ Արամը զոհվեց հոկտեմբերի 19-ին Ջրականում։