Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Հրմշտոց Հյուսիսային պողոտայում. իրանցիները շտապում են պատվաստվել (տեսանյութ)

Հյուսիսային պողոտայում պատվաստման շարժական կայանի մոտ մեծ հերթ են ստեղծել Իրանի քաղաքացիները։ Նրանք շտապում են պատվաստվել ու հաճախ հրմշտում են իրար՝ հերթում առաջ ընկնելու նպատակով։

«Ա1+»-ին իրանցիներից մեկը հայտնեց, որ այստեղ են եկել պատվաստվելու, քանի որ իրենց  տարիքային խմբի մարդկանց համար Իրանում պատվաստանյութ չկա։ Այնտեղ պատվաստանյութը սահմանափակ է։

Ժամանակ առ ժամանակ մարդկանցից մեկը խախտում էր հերթն ու առաջ գնում, որին միանգամից բուռն արձագանքում էին մնացած իրանցիները։ Հերթը կարգավորում էին ոստիկաններն ու պարեկային ծառայողները, որոնք նշում էին՝ առավոտից պարբերաբար աղմուկ ու հրմշտոց է լինում, սակայն երեկ ու նախորդ օրերին հերթն ու մարդկանց քանակն այսքան մեծ չի եղել։

Հիշեցնենք, որ 2021 թվականի հուլիսի 9-ից օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց պատվաստումների իրականացման գործընթացում տեղի է ունեցել փոփոխություն, մասնավորապես՝ նրանք COVID-19-ի դեմ կարող են պատվաստվել միայն Երևանում` Հյուսիսային պողոտայում, Դալմա Մոլի, Մեգա Մոլի, Ռոսիա Մոլի և Կասկադի հարակից տարածքներում ծավալված շարժական պատվաստումային կետերում:

Իսկ հուլիսի 15-ից սկսած Հայաստանում ուժի մեջ կմտնի պահանջ, ըստ որի՝ Հայաստան ժամանած զբոսաշրջիկները կպատվաստվեն, եթե  կբնակվեն մեր երկրում առնվազն 10 օր։