Ասկերանում բացվեց շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի նոր մասնաշենք
Աջակցիր «Ա1+»-ինԱսկերան քաղաքում հանդիսավորությամբ բացվեց շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի նոր մասնաշենքը։ Այս մասին տեղեկացնում են Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։
Երկար տարիներ բաժնի անձնակազմը ծառայությունն իրականացնում էր վարձակալական հիմունքներով՝ շենքային ոչ բարվոք պայմաններում, զրկված լինելով կեցության տարրական պայմաններից: Այդքանով հանդերձ՝ անձնակազմն իր բոլոր ջանքերը ներդրել է արտակարգ իրավիճակների կանխման և դրանց հետևանքների վերացման գործում, մշտապես լինելով շրջանի բնակչության կողքին: Նոր վայրում ստեղծված են բոլոր պայմանները՝ ծառայությունն էլ ավելի բարձր որակով և մակարդակով կազմակերպելու համար: Իհարկե այս ամենը հնարավոր է դարձել հայրենանվեր մարդկանց շնորհիվ:
Դեռ 2018-ին, ԱԻ պետական ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանը նախաձեռնեց «Նոր շունչ՝ նոր թափ» խորագրով մի ծրագիր, որի նպատակն էր բարելավվել ծառայության ստորաբաժանումների պայմանները: Ընդառաջելով Կարեն Սարգսյանի խնդրանքին, շինարարական աշխատանքները մեկնարկեցին «Թովմասյան» հիմնադրամի աջակցությամբ: Հիմնադրամը ոչ միայն աշխատանքները հասցրեց տրամաբանական ավարտին, այլև առանձին ներդրումներ կատարեց նյութատեխնիկական բազան համալրելու և թարմացնելու ուղղությամբ:
Շինարարական աշխատանքներն իրականացնելու համար հիմնադրամից պահանջվել է 85 հազար ԱՄՆ դոլլարին համարժեք դրամ, իսկ տեխնիկական պարկի արդիականացման համար՝ 15 մլն դրամ: Արցախյան 3-րդ պատերազմի ընթացքում և հետո՝ հիմնադրամը նաև հումանիտար օգնություն է տրամադրել ՆԳՆ համակարգում ծառայողների ընտանիքներին: Աջակցություն են ստացել շուրջ 200-ից ավելի ընտանիքներ:
ՆԳ նախարար Կարեն Սարգսյանն իր և նախարարության ամբողջ անձնակազմի անունից երախտագիտությունն է հայտնել «Թովմասյան» հիմնադրամին՝ Արտակ Թովմասյանի գլխավորությամբ: Կարեն Սարգսյանի հրամանով Արցախի Հանրապետությանը մատուցած հայրենանվեր ծառայությունների համար ԱԻ պետական ծառայության բարձրագույն՝ «Փառքի խաչ-Նոյ» շքանշանով պարգևատրվել է «Թովմասյան» հիմնադրամի հիմնադիր, հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ Արտակ Թովմասյանը:
ՆԳ նախարարի նախաձեռնությամբ, նախարարության 2 ծառայություններում բովանդակային բարեփոխումներն այսուհետ ևս շարունակական բնույթ կկրեն, որոնք նկատելիորեն կանդրադառնան ծառայությունների կատարման որակի բարձրացմանը:
Ավելացնենք, որ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության Ասկերանի շրջանային բաժնի նոր մասնաշենքի բացման հանդիսավոր միջոցառմանը մասնակցել են նաև ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, Ասկերանի շրջանային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները՝ շրջվարչակազմի ղեկավար Ղահրամանյանի գլխավորությամբ, ՆԳՆ համակարգի ծառայողներ, ասկերանցիներ։