Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+olimpiada (2)
A A
Սպորտ

Օլիմպիական խաղերն առաջին անգամ կանցկացվեն առանց հանդիսականների (տեսանյութ)

Տոկիոյի Օլիմպիական խաղերն անցկացվելու են առանց հանդիսականների: Այդ մասին հայտնել է Ճապոնիայի կառավարությունում խաղերի պատասխանատու Տամայե Մարուկավան։

«Միջազգային օլիմպիական կոմիտեի, միջազգային պարալիմպիկ կոմիտեի, «Տոկիո-2020»-ի կազմկոմիտեի, Տոկիոյի իշխանությունների և երկրի կառավարության հետ հնգակողմ հանդիպման ժամանակ որոշում է կայացվել խաղերն անցկացնել փակ դռների ներքո», - ասել է խաղերի պատասխանատուներից մեկը։

Կորոնավիրուսի համաճարակի աճի պատճառով խաղերի մեկնարկից երկու շաբաթ առաջ Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդա Սուգան հայտարարել է արտակարգ դրություն Տոկիոյում, որը կսկսվի հուլիսի 12-ից:

Միջազգային օլիմպիական կոմիտեի ղեկավար Թոմաս Բախը, որն այժմ գտնվում է Տոկիոյում, նույնպես մասնակցել է առցանց հնգակողմ հանդիպմանը: Նա հյուրանոցում է, որտեղ պետք է եռօրյա կարանտին անցնի:

«Կարծում եմ, որ մենք բոլորս պետք է ուրախ լինենք բոլորին պաշտպանելու համար ավելի խիստ միջոցների կիրառման համար», - ասել է Թոմաս Բախը։

Սա առաջին դեպքն է, որ օլիմպիական խաղերին թույլ չեն տալու ներկա գտնվեն հանդիսականներ։

Ի դեպ, օլիմպիական խաղերի մասնակիցներն արդեն ժամանում են Ճապոնիա: Մասնավորապես՝ երեկ Տոկիոյի Հանեդա օդանավակայանում դիմավորել են Մեծ Բրիտանիայի օլիմպիական հավաքականին: