Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+fransia
A A
Սպորտ

Ֆրանսիան 11մ հարվածներով պարտվեց Շվեյցարիային և դուրս մնաց Եվրո-2020-ից

Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության 1/8 եզրափակիչ փուլի թվով 6-րդ խաղն ավարտվեց մեծ անակնկալով:

Բուխարեստում միմյանց հետ հանդիպեցին Ֆրանսիայի և Շվեյցարիայի հավաքականները: Խաղն անհաջող սկսվեց աշխարհի չեմպիոնների համար, որոնք արդեն 15-րդ րոպեին գոլ բաց թողեցին: Աչքի ընկավ շվեյցարացի Խարիս Սեֆերովիչը:

55-րդ րոպեին հանդիպման մրցավարը VAR համակարգի օգնությամբ 11մ հարված նշանակեց ֆրանսիացիների դարպասին, սակայն Ռիկարդո Ռոդրիգեսը չկարողացավ իրացնել այն: Դարպասապահ Ուգո Լյորիսի սխրանքից հետո Ֆրանսիայի հավաքականը ոգեևորվեց և երկու րոպեի ընթացքում երկու գոլ խփեց: Դուբլի հեղինակ դարձավ Քարիմ Բենզեման: Հանդիպման 75-րդ րոպեին Պոլ Պոգբան արդեն հաշիվը դարձրեց  3:1:

Սակայն, մնացած ժամանակում ֆրանսիացիներին չհաջողվեց պահպանել երկու գնդակի առավելությունը: 81-րդ րոպեին նույն Սեֆերովիչը կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ 90-ին Մարիո Գավրանովիչն արդեն հավասարեցրեց այն` 3:3:

Լրացուցիչ ժամանակում նույնպես ոչ-ոքի արդյունք գրանցվեց` 0:0: Հաղթողին որոշելու համար նշանակվեցին 11մ հարվածներ: Շվեյցարացիներն անվրեպ իրացրին իրենց հարվածները, իսկ ահա ֆրանսիացի Կիլիան Մբապեն վրիպեց վերջին հարվածը կատարելիս:

Այդպիսով, Շվեյցարիայի հավաքականը 11մ հարվածաշարում հաղթեց 5:4 հաշվով և պայքարից դուրս թողեց առաջնության ֆավորիտներից մեկին: Քառորդ եզրափակիչում շվեյցարացիները կհանդիպի իսպանացիների հետ, որոնք այս փուլում լրացուցիչ ժամանակում 5:3 հաշվով հաղթել են Խորվաթիայի հավաքականին: