Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ispania 28.06.
A A
Սպորտ

Իսպանիան գերլարված խաղում հաղթեց Խորվաթիային և մտավ 1/4 եզրափակիչ. Եվրո-2020

Ֆուտբոլի Եվրոպայի 2020թ առաջնության 1/8 եզրափակիչ խաղում Իսպանիայի հավաքականը լրացուցիչ ժամանակում հաղթեց Խորվաթիայի ընտրանուն և մտավ հաջորդ փուլ:

Կոպենհագենում կայացած խաղի 20-րդ րոպեին իսպանացի Պեդրին ակամայից գրավեց սեփական դարպասը և առաջ մղեց խորվաթներին: Սակայն, արդեն առաջին խաղակեսում Սարաբիան հավասարեցրեց հաշիվը: 

Ընդմիջումից հետո նախ Ասպիլիկուետան, ապա Ֆերան Տորեսը գրավեցին Խորվաթիայի դարպասը: Թվում էր, որ իսպանացիները վստահ հաղթանակ կտոնեն, քանի որ խաղի ավարտին մնացել էր 13 րոպե: Սակայն աշխարհի փոխչեմպիոններն ամբող թիմով անցան տոտալ հարձակման: 85-րդ րոպեին Օրշիչը կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ 90+2 րոպեին Պաշալիչը վերականգնեց հավասարությունը` 3:3:

Հաղթողին որոշելու համար նշանակվեց լրացուցիչ ժամանակ: Այստեղ արդեն ավելի դիպուկ գտնվեցին իսպանացիները, որոնք երեք րոպեի ընդմիջումով խփեցին երկու գոլ և շոշափելի առավելություն ստացան: Խորվաթիայի ընտրանին այլևս ուժ չգտավ պատասխան հարված հասցնելու համար: Այդպիսով, Իսպանիայի ընտրանին հաղթեց 5:3 հաշվով:

Քառորդ եզրափակիչում իսպանացիները կհանդիպեն Ֆրանսիա – Շվեյցարիա հանդիպման հաղթողի հետ, որը կկայանա այսօր գիշերը:

 

Խաղի վիճակագրություն

Խորվաթիա - Իսպանիա

36 % - Գնդակի տիրապետում - 64 %

12 - Հարվածներ - 23

17 - Խախտումներ - 30

1 - Անկյունայիններ - 8

6 - Խաղից դուրս - 3