Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

ԿԸՀ-ն հրապարակեց ԱԺ արտահերթ ընտրությունների վերջնական արդյունքները (տեսանյութ)

«Քաղաքացիական պայմանագիրը» Ազգային Ժողովում կստանա 71,  «Հայաստան» դաշինքը՝ 29 «Պատիվ ունեմ» դաշինքը` 7 մանդատ: 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփեց  ՀՀ Ազգային ժողովի 2021թ. հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքները:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց, որ ընտրողների ցուցակում ընդգրկվածների ընդհանուր թիվը 2 մլն 591 հազար 316 էր, որից քվեարկությանը մասնակցել էր 1 մլն 281 հազար 997-ը կամ 49.39%-ը:

Մուկուչյանը ներկայացրեց նաև քվեարկության վերջնական արդյունքները, համաձայն որի`

«Արդար Հայաստան» կուսակցությունը ստացել էր 3914 ձայն (0.31%), 

«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը` 19.691 ձայն (1.54%), 

«Քաղաքացիական պայմանագիրը» ստացել էր 688.761 ձայն (53.91%), 

«Զարթոնք» կուսակցությունը`4619 ձայն (0.36%), 

«Ազատություն» կուսակցությունը` 1844 ձայն (0.14%), 

«Պատիվ ունեմ» դաշինքը ստացել էր 66.650 ձայն (5.22%), 

«Միասնական Հայրենիքը»` 964 ձայն (0.08%), 

«Համահայկական ազգային պետականությունը»` 803 ձայն (0.06%), 

«Լուսավոր Հայաստանը»`15.591 ձայն (1.22%), 

«Մեր տունը Հայաստանն է»` 12.149 ձայն (0.95%), 

«Հանրապետություն» կուսակցությունը` 38.758 ձայն (3.03%), 

«Հայոց Հայրենիքը»` 13.130 ձայն (1.03%), 

«Ազատ Հայրենիք» դաշինքը` 4119 ձայն (0.32%), 

«Բարգավաճ Հայաստանը»` 50.444 ձայն (3.95%), 

«Հայաստանի դեմոկրատական» կուսակցությունը` 5020 ձայն (0.39%), 

5165 կուսակցությունը` 15.549 ձայն (1.22%), 

«Քաղաքացու որոշումը»` 3775 ձայն (0.3%), 

«Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքը` 19.212 ձայն (1.5%), 

«Ազգային օրակարգը»` 719 ձայն (0.06%), 

«Վերելքը»` 1233 ձայն (0.1%), 

«Ազատական» կուսակցությունը` 14.936 ձայն (1.17%), 

«Հայաստանի եվրոպական» կուսակցություը` 2440 ձայն (0.19%), 

«Հայաստան» դաշինքը` 265.481 ձայն (21.09%), 

«Ազգային ժողովրդավարական բևեռը»` 18.976 ձայն (1.49%), 

«Ինքնիշխան Հայաստանը»` 3915 ձայն (0.31%):

 

Անճշտությունների գումարային չափը 973 է: 

Մուկուչյանը նշեց նաև, որ ԿԸՀ է ստացվել արտահերթ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու 4 դիմում, որից մեկը` դիմումը ներկայացնելու սահմանված ժամկետի խախտմամբ:

«Ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետներով ներկայացված դիմումները ներկայացված են եղել «Զարթոնք» կուսակցության, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների կողմից», - ասաց Տիգրան Մուկուչյանը: 

Դիմումներում ներկայացված էին այն հիմքերը, ըստ որոնց, կուսակցության և դաշինքների կարծիքով, ընտրությունների արդյունքները պետք է անվավեր ճանաչվեին: Նիստին ներկա էր «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը, որը, Տիգրան Մուկուչյանի` դիմումն ընթերցելուց հետո, հավելեց, որ ցանկանում է որոշ շեշտադրումների վրա առանձին ուշադրություն դարձնել: 

«Մեր կողմից ներկայացված դիմումը, տարբերվում էր նրանով, որ մենք փորձել ենք ներկայացնել հարցը ոչ թե բուն քվեարկության օրվա տրամաբանության մեջ, այլ ընտրական գործընթացի ամբողջ շղթայում: Քանի որ հենց այս ընտրություններում ամբողջ շղթայի բացահայտումն է, որ առանցքային նշանակություն ունի, թե ինչ տեսակի խնդիրներ, համակարգված խախտումներ են տեղի ունեցել», - ասաց Արամ Վարդևանյանը:

Նրա խոսքով` մի իրավիճակ էր ստեղծվել, երբ Սահմանադրական կարգավորումների իմաստով անձը, որ զբաղեցնում է բարձրագույն պաշտոնը, հրաժարվում է այդ պաշտոնի կատարումից, բայց բոլոր դեպքերում շարունակում է պաշտոնավարել, այդ թվում`արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակահատվածում:

«Գրեթե բոլոր տեսանյութերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ անձինք, մասնակցելով հանրային հավաքներին, մշտապես օգտագործում էին հանդիպում վարչապետի հետ եզրույթը: Այսինքն՝ բոլոր դեպքերում, նշված պաշտոնի և դրանից բխող հետևանքների ազդեցությունն ամեն կերպ օգտագործվում էր», - ասաց Վարդևանյանը:

Նա նշեց, որ զինծառայողները քվեարկել են ոչ թե անձնագրերով, այլ զինվորական գրքույկներով և դա մտահոգիչ է իրենց համար, սակայն վերջում Տիգրան Մուկուչյանը հակադարձեց, որ զինծռայողները միշտ քվեարկել են զինվորական գրքույկներով և դա համարվում է նրանց համար անձը հաստատող փաստաթուղթ:

Արամ Վարդևանյանի ու ԿԸՀ անդամների քննարկումից հետո ներկայացավ նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության լիազոր ներկայացուցիչ Վահագն Հովակիմյանն ու նշեց, որ «Հայաստան» դաշինքի ներկայացրած դիրքորոշումներն ու փաստարկներն անհիմն են:

ՀՀ ԿԸՀ-ն նիստում մերժել է «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության դիմումները ՀՀ ԱԺ հունիսի 20-ին կայացած արտահերթ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ: